Վանաձորում կատարված սպանության մեջ կասկածվողը ձերբակալվեց

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2017 թվականի նոյեմբերի 19-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 01:05-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1981 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:

Անմիջապես մեկնել է քննչական- օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ՝ արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, հանցագործության բացահայտման ուղղությամբ մշակվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան։

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք և դատակավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է, 24 տարեկան։

Լոռու մարզային քննչական վարչության և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել