Արմավիրի մարզի Ջրարփի գյուղում վաղ առավոտից բողոքի ցույց կազմակերպած ծնողների ու աշակերտների հետ հանդիպել է Արմավիրի մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը: Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են վերանորոգել իրենց դպրոցը, քանի որ այն չունի ջեռուցում, ծեփամածիկը պատերից թափվում է, երեխաները չեն կարողանում այդ պայմաններում շենքում մնալ:
Ծնողներից մեկը մարզպետին ասաց, որ և՛ իր տղան, և՛ թոռները այս դպրոցում են սովորել ու միշտ ջեռուցման պայմանների բացակայության պատճառով նրանց առողջությունը վնասվել է:
«Ճիշտ ա, գիտենք՝ տնօրենը նոր ա եկել, ինչ-որ փոփոխություններ արել ա, ճաշարան ա բացել: Բայց ամենա կարևորը՝ էրեխեքը տաք տեղ լինեն»,-ասաց բնակչուհին:
Մարզպետը խոստացավ, որ դպրոցը մոտ ապագայում ջեռուցումով կապահովվի, իսկ ծնողների պահանջած նոր դպրոցի մասին դեռ ոչինչ հայտնել չի կարող. «Ես կտեղեկանամ, վարչապետի հետ կհանդիպեմ, ձեզ կասեմ»:
Գյուղացիներից մեկը սակայն չհավատաց մարզպետի խոսքերին. «Դու ասում ես՝ էսօր կլինի, վաղը կլինի: 40 տարի խաբում եք էս ժողովրդին: 10 օրը հերի՞ք ա, որ էրեխեքը չգնան»,-մարզպետը ասաց, որ 10 օրվա ընթացքում նրանց կպատասխանի ու նշեց, որ այսքան ժամանակ դեռ չի եղել, որ նա ինչ-որ բան խոստանա ու չանի. «Ես երբեք սուտ բան չեմ խոստանում»:
Լուսանկարները՝ aysor.am-ի