Օրենսդրական փոփոխությունների առաջարկ՝ դատական նիստերի նկարահանման խնդիրը վերացնելու համար

Աշխարհում գնալով հրաժարվում են դատական նիստերի լուսաբանման համար սահմանափակումներից՝ լուսանկարահանման և տեսաձայնագրման հարցում, և Հայաստանը չպետք է հետ մնա այս զարգացումներից։  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացնելիս հայտարարեց «Իրավունքի ուժ» ՀԿ ղեկավար Արման Ղարիբյանը։

Նա նշում է, որ ՀՀ դատավարության օրենսգրքերը տարբեր մոտեցումներ են ցուցաբերում․ «Քրեական դատավարության օրենսգիրքն ընդհանրապես չի անդրադառնում դատական նիստի լուսանկարահանմանը, տեսանկարահանմանը և լուսաբանմանը առհասարակ։ Այսինքն, այս հարցը բաց է մնացել։ Մնում է պրակտիկան, որով էլ լրագրողներն առաջնորդվում են։

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նշում է, որ լուսանկարահանումը և տեսանկարահանումը կարելի է իրականացնել դատավորի թույլտվությամբ՝ կողմերի կարծիքները լսելուց հետո։ Վարչական դատավարության օրենսգիրքը, որն ըստ էության ամենահստակն է տալիս ընթացակարգը, սակայն ի վնաս լրագրողների, քանի որ նշվում է, որ լուսանկարահանումը և տեսանկարահանումը կարելի է կատարել միայն դատարանի թույլտվությամբ՝ կողմերից մեկի միջնորդության դեպքում։ Այսինքն այդ ընթացակարգը նույնսիկ լրագրողներինը չէ»,-մանրամասնեց Արման Ղարիբյանը։

Ոլորտում առկա խնդիրները հասկանալու համար ուսումնասիրվել է միջազգային օրենսդրական փորձն ու միջազգային պրակտիկան, համադրվել ու համեմատական վերլուծություն տարվել ՀՀ օրենսդրության և պրակտիկայի հետ։

Խորքային հարցազրույցներ են անցկացվել նաև այն լրագրողների հետ, ովքեր 5-25 տարի է, ինչ լուսաբանում են դատական նիստերը, նաև նրանց հետ, ովքեր պարբերաբար են լուսաբանել նիստերը։

«Լրագրողները 3 հիմնական խնդիր են առանձնացրել․ առաջինը՝ տեսանկարահանման արգելքն է, երբ դատավորը պարզապես արգելում է, լուսանկարահանման և տեսանկարահանման սահմանափակումն է, երբ դատավորը որոշում է, որ, օրինակ, 5 րոպեից ավելի չես կարող նկարահանել, և 3-րդը՝ տեխնիկական խոչընդոտն է»,-նշեց ՀԿ ղեկավարը։

Նա նաև նշում է, թե դատավարության կողմերը երբեմն միջնորդություն են ներկայացնում այն մասով, թե իրենք կին են և չեն ուզում լուսանկարվել, կամ հրաժարվում են նրանից, որ իրենց նկարը կարող է սոցցանցերում լայքեր հավաքեն, ինչը կարող է դատավորին տեղի տալ ու արգելվի լուսանկարահնում կամ տեսաձայնագրում անելը։ Լինում են նաև դեպքեր, որ դատավորը միայն ինքն իր ցանկությամբ կարող է արգելքներ դնել ու լրագրողների մեկանաբանությամբ նման դեպքերը չեն պատճառաբանվում։ Հնարավոր է նաև այնպիսի դեպքեր, երբ դատավորն ուղղակի չի համակրում տվյալ լրագրողին կամ այն լրատվամիջոցը, որը ներկայացնում է այդ լրագրողը, քանի որ նախկինում անդրադարձել է նիստը նախագահող դատավորի դատական նիստերին, դատավճիռներին և այլն։

«Արդարադատության նախարարությանը առաջարկությամբ ենք հանդես գալիս՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ դատական նիստերի լուսատեսանկարահանման իրավունքը հստակեցնելու համար, ինչպես նաև ընթացակարգեր սահմանել, և երկրորդ առաջարկը՝ ընդունել մեր կողմից առաջարկված օրենքների նախագծերը։ Մենք հասկացանք, որ լրագրողների հետ խորհդրակցելով ինքներս պատրաստենք այդ նախագծերը, որպեսզի հնարավորինս օգտակար լինենք դատական լուսաբանումը դյուրացնելու առումով»,-ասաց նա։

Բացի սրանից՝ նաև արդարադատության խորհրդին է առաջարկ ներկայացվել՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել բոլոր այն դատավորներին, ովքեր գերազանցում են իրենց լիազորությունները և չհիմնավորված ապօրինի կերպով սահմանափակում կամ արգելում են դատական նիստերի պատշաճ լուսաբանումը։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել