Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե Արարատի մարզի մի շարք համայնքների դպրոցներում կրճատվում են դասղեկների աշխատավարձերը։
Կրթության և գիտության նախարարությունից հայտնեցին, թե խնդիրը պետք է հենց մարզում կարգավորվի։
Իրավաբան.net-ը կապ հաստատեց Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանի հետ։ Ի պատասխան մեր հարցադրման, թե արդյո՞ք նման դեպքեր գրանցվել են, նա ասաց՝ «Բացեք ՊՈԱԿ-ների մասին կանոնադրությունը, գրված է ֆինանսական միջոցները տնօրինում է դպրոցը։ Դպրոցն է որոշում, թե դասղեկների հավելավճարը քանի տոկոսով վճարի՝ ելնելով իր ֆինանսական պայմաններից»,-նշեց Աղաբեկյանը։
Նա տեղեկություն չուներ, թե կոնկրետ քանի՞ դպրոցում է նման խնդիր առաջացել։ Նման որոշումների կայացման համար, Աղաբեկյանի խոսքով, հիմք է հանդիսացել նախորդ տարցա ցրտաշունչ ձմեռը։ «Մեծ քանակությամբ գումարներ են ծախսվել ջեռուցում ապահովելու համար և այսօր կարծում եմ, որ իրենց գումարները չի բավարարում և ոչ մի տեղ նշված չէ, որ դասղեկական աշխատանքի համար դասղեկների հավելավճարը պետք է լինի կամ 20 կամ 30 տոկոս»։