Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի փորձարկմանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ծրագրի փորձարկման համար ընտրված հենակետային ավագ դպրոցների պատասխանատուները:
Այս մասին հայտնում են ԿԳ նախարարությունից։
Նշվել է, որ ԿԳՆ-ն արդեն հանրային քննարկման է ներկայացրել «Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը», որով ենթադրվում է 2018-2019 ուստարվանից սկսած Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում փորձնական նպատակով ներդնել կրեդիտային համակարգ:
Նոր համակարգի ներդրման հիմնական նպատակն ավագ դպրոցից դեպի մասնագիտական կրթական համակարգ անցման դյուրինացումն ու շարժունության խթանումն է: Ենթադրվում է, որ սովորողը հնարավորություն կունենա որոշակի կրեդիտներ տեղափոխել դպրոցից բուհ՝ համաձայն սահմանված կարգի, որը դեռ մշակման փուլում է գտնվում: Համաձայն ծրագրի նախնական տարբերակի՝ մեկ կրեդիտը համարժեք է 40 ակադեմիական ժամի և ներառում է ուսումնական պարապմունքներին, գործնական աշխատանքներին և ուսումնական նախագծերի իրականացմանը հատկացված, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխատանքի, այդ թվում՝ դասապատրաստման համար նախատեսված ժամաքանակը: Հանրակրթության համակարգում կրեդիտային համակարգի ամբողջական ներդրումը կատարվելու է երեք փուլով՝ հաշվի առնելով առաջին փուլի արդյունքների վերլուծության հիման վրա՝ լրամշակված ծրագիրը:
Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր՝ կրեդիտների համարժեքության (օրինակ, ինչու 40 ակադեմիական ժամ, երբ բուհերում այն համարժեք է 30 ակադեմիական ժամի), դպրոցից բուհ տեղափոխման, կրեդիտների հաշվարկման և ներդրման մեխանիզմների ու ընթացակարգերի վերաբերյալ: Կարևորելով ներդրվող համակարգի արդյունավետության ապահովումը՝ քննարկման մասնակիցներն առաջարկել է սահմանել միասնական ընթացակարգեր՝ հաշվի առնելով նաև ուսումնական պլանների հետ համապատասխանեցման պահանջները: Որոշվել է մասնագիտական քննարկումները դարձնել պարբերական և ավելի հաճախակի:
Նշենք, որ կրեդիտային համակարգի ներդրման ծրագիրը ներկայացվելու է կառավարության հաստատմանը, մինչ այդ սակայն այն կլրամշակվի՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի առաջարկությունները, դիտողություններն ու մտահոգությունները: