Բուժաշխատողներին բռնության ենթարկելու դեմ օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

ԱԺ-ում քառօրյա նիստերի վերջին օրը քննարկվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել էին ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը և Հրայր Թովմասյանը։

Ըստ նախագծի առաջարկվում է ՀՀ 2003թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 130.1-ին հոդվածով՝ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը։ Այսինքն, եթե բուժաշխատողի նկատմամբ  կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ապա անձը պատժվում է նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափի տուգանքով: Վտանգավոր բռնություն գործադրելու կամ սպառնալու դեպքում անձին կարող են կալանավորել 1-2 ամսով, կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ։

«Ոլորտային առանձնահատկություն ենք դնում, որ բռնարարքը այս կամ այն ոլորտում կարելի է իրականացնել և առողջապահության ոլորտում,  բուժհաստատություններում՝ բժիշկների հանդեպ անհնար է իրականացնել։ Այնպիսի տպավորություն է, որ մասնագիտական առանձնացված որոշակի ուշադրություն և վերաբերմունք է կարևորվում այս օրենսդրական նախաձեռնությամբ»,-հարց բարձրացրեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Ի պատասխան հարցին՝ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ առանձնացնելու խնդիր կար։ «Մենք ունենք նաև այլ մասնագիտությունների գծով՝ լրատվամիջոցների գծով, 316 հոդված կա՝ իշխանության ներկայացուցչի հանդեպ որոշակի խորընդոտներ ստեղծելու հետ կապված, զինծառայողների հետ կապված։  Իսկ թե ինչու՞ հենց բժիշկների հետ կապված այլ ոչ ասենք՝ մանկավարժների, դա էլ բազմիցս քննարկված հարց է։ Միայն բժիշկներն են, որ առանձին հոդվածներով պատասխանատվության են ենթարկվում, եթե իրենք իրենց գործխունեության ընթացքում մասնագիտական որոշակի խնդիրներ են ստեղծել»,-հայտնեց Ավագյանը։

Պատասխանատվություն լինելու դեպքում օրինագծով փորձում են նաև իրավունքներ սահմանել։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել