Կլքի արդյո՞ք Ադրբեջանը Եվրոպայի խորհուրդը

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ԵԽ-ի և Ադրբեջանի միջև ճգնաժամի սրման դեպքում իր երկիրը կարող է լքել Եվրոպայի խորհուրդը: Այս հայտարարությունը նա արել է այն բանից հետո,  երբ Եվրոպայի խորհուրդը սպառնացել է Ադրբեջանին դատավարությամբ՝  ընդդիմադիր առաջնորդներից մեկին ազատ արձակելու վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար: Այս մասին հայտնում է  bbc.com կայքը:

Բաքվում ելույթ ունենալով «Ենի Ադրբեջան» կուսակցության 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին՝ Ալիևը մեղադրել է ԵԽ գլխավոր քարտուղարին Ադրբեջանի հետ ճգնաժամը սրելու մեջ: Նա հայտարարել է, որ իրենք ընդամենը պատասխան քայլեր են ձեռնարկում իրենց երկրի նկատմամբ վարվող երեսպաշտական և անարդար քաղաքականության դեմ:

2017 թվականի նոյեմբերի 29-ին լրանում է վերջնաժամկետը, որը ԵԽ նախարարների կոմիտեն տվել է Ադրբեջանին՝ «Հանրապետական այլընտրանք» հասարակական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին բանտից ազատ արձակելու մասին Եվրոպական դատարանի վճռի չկատարումը հիմնավորելու համար: Դրանից հետո ԵԽ-ն դատավարություն կնախաձեռնի՝ Ադրբեջանի դեմ ԵԽ հանդեպ իր պարտավորությունները չկատարելու համար: Մամեդովը դեռ պետք է ազատ արձակվեր 2014 թվականին:

Այսպիսով, ԵԽ-ը իր գործունեության 68 տարվա ընթացքում առաջին անգամ կիրառում է Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածը՝ Վճիռների պարտադիր ուժի ու կատարման վերաբերյալ:

Ադրբեջանի հասարակական գործիչների  համոզմամբ, եթե Ադրբեջանը ինքնուրույն կամ հարկադրաբար լքի Եվրոպայի խորհուրդը, ապա այն կկորցնի անկախությունը, հեղինակությունը, կթուլանան տնտեսական կապերը, իշխանությունները կգործեն ավելի սանձարձակ և համատարած կխախտեն մարդու իրավունքները: Նրանց պնդմամբ, ԵԽ-ի և Ադրբեջանի հարաբերությունները աստիճանաբար վատթարանում էին, քանի որ Հեյդար, իսկ հետո Իլհամ Ալիևները տեսան, որ պարտավորությունների չկատարումը չի հանգեցնում որևէ հետևանքների: Առաջ ԵԽ-ի վրդովմունքը միայն թղթի վրա էր, իսկ հիմա դրան վերջ է գալիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել