Հոկտեմբերի 27-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում պահնորդական ընկերության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» տեղամասում տեղակայված պահնորդական ընկերությանը պատկանող անշարժ հենակետի վրա, վիճաբանել այնտեղ ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է պահնորդի հետ վիճաբանած անձանց ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին, ժամը 5.10-ին, կասկածյալները ներկայացել են ոստիկանության Դիլիջանի բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Նշենք, որ երեկ «Նոր հարձակում «Պանտեռա Սիքյուրիթի»-ի հենակետի վրա» հայտարարությամբ ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր տարածել ընկերությունը:
«Քիչ առաջ տեղի ունեցավ հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։ Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ արձագանք է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ։
Այս գործողությունը միայն մեկ կերպ կարելի է բնորոշել. հարձակում է մեր պետականության վրա: Այս անգամ ևս ԳՈՂԸ ուզում է ուժով և պարտադրաբար ստիպել մեզ՝ նահանջել մեր բռնած ազնիվ ուղուց։
Ապարդյուն է։ Ձեր նմաններին բազմիցս իրենց իրական տեղն ենք ցույց տվել այս կյանքում»,-ասվում էր հայտարարության մեջ։