ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկման գործընթացի շրջանակներում Հայաստանում գտնվող ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորած՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներին հանգամանալից ներկայացվել են Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ դատախազության կողմից ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ ուղղված խոշտանգումների կանխարգելման և քննության, անձի ազատության, անձնական անձեռնմխելիության ապահովման և արդար դատաքննության կոնվենցիոնալ իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած չափանիշների ներդրմանն ու կենսագործմանը:

Երկուստեք կարևորվել է քրեկան դատավարության նոր օրենսգրքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ որը հնարավորություն կտա քրեական գործերով վարույթի ընթացքում էլ ավելի ընդլայնել ապացուցման գործընթացին կողմերի հավասար մասնակցության հնարավորությունը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև  առանձին ոլորտներում դատախազության գործունեության արդյունավետության բարձրացման մասին վկայող վիճակագրական տվյալներ:

Ա. Գեսելը գոհունակություն է հայտնել ստանձնած հանձնառությունների կատարման ուղղությամբ ՀՀ պատկան մարմինների ցուցաբերած հետևողականության կապակցությամբ և կարևորել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան և ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել