Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «UCOM» և «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր համագործակցում և աջակցում են պաշտպանության բանակին ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և տեղեկատվական քաղաքականության իրականացման հարցերում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Տեղեկատվական կենտրոնում բանակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում շփման գծում տիրող իրադրությունը նախորդ շաբաթվա համեմատ բնութագրել է լարված, բայց վերահսկելի և վստահեցրել, որ ինչպես միշտ, հակառակորդի նախահարձակ գործողություններին տրվելու է համարժեք պատասխան:
Հավելենք նաև, որ պաշտպանության բանակի նորաբաց տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է արտակարգ իրավիճակներում հայրենական և արտերկրում գործող զանգվածային լրատվամիջոցների բնականոն աշխատանքն ապահովելու և տեղ գտնող զարգացումները օպերատիվ կերպով միջազգային հասարակայնությանը հասու դարձնելու նպատակով: