ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 20-ին ընդունեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և «Վոլգաբաս» ընկերության ներկայացուցիչներին։
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ներկայացնելով ընկերության գործունեությունը և արտադրանքը, որը ներառում է տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև էլեկտրական շարժիչով ավտոբուս` ընկերության գնումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Իվան Պրիմերովը մանրամասնեց դրանց արտադրական հնարավորությունների, վառելիքի ծախսի, տեղատարողության, որակական հատկությունների հետ կապված մի շարք հարցեր։
Նա նախարարին հանգամանորեն ներկայացրեց ընկերության կողմից արտադրվող էլեկտրական շարժիչով ավտոբուսի հնարավորությունները՝ նշելով, որ այն շատ արդյունավետ է, մեկ լիցքավորումը տևում է մոտ 4 ժամ, ունի մինչև 300 կմ ճանապարհ անցնելու հնարավորություն, հովացման և տաքացման համակարգեր, բարեհաջող շահագործվում է և՛ տաք, և՛ սառը կլիմայական պայմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին էլեկտրական ավտոբուսը Հայաստանի պայմաններում շահագործելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում իրականացնել թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման ավտոբուսի կիրառությունը Հայաստանի բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում: