Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
.
Կարևոր է անհայտ բացակայողի մասին վերջին տեղեկությունների ստացման ժամկետի որոշումը: Մասնավորապես` բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:
.
Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում, նրա գույքը դատարանի վճռի հիման վրա տրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի նշանակած անձին, որը գործում է այդ մարմնի հետ կնքած հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա:
.
Անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի կառավարիչը բացակայող անձի գույքի հաշվին մարում է նրա պարտքերը, գույքը կառավարում է ի շահ այդ անձի, ապրուստի միջոցներ է տրամադրում այն քաղաքացիներին, որոնց պարտավոր էր պահել անհայտ բացակայողը:
.
Խնամակալության և հոգաբարձության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է բացակայող քաղաքացու գտնվելու վայրի մասին վերջին տեղեկություններ ստանալու օրվանից մինչև մեկ տարին լրանալը, դատարանի վճռի հիման վրա, նրա գույքի կառավարիչ նշանակել:
.
Եթե կառավարիչ նշանակելու օրվանից երեք տարի անցնելուց հետո անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը չի վերացվել, և դատարան դիմում չի ներկայացվել քաղաքացուն մահացած ճանաչելու մասին, խնամակալության ու հոգաբարձության մարմինը պարտավոր է դիմել դատարան` քաղաքացուն մահացած ճանաչելու համար:
.
Անձին անհայտ բացակայող ճանաչելու` վերը չնախատեսված հետևանքները սահմանվում են օրենքով:
.
Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է այդ քաղաքացու գույքի հավատարմագրային կառավարումը:
.
Աղբյուրը` Իրավաբան.net