ՀՀ Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի հրամանագրով՝ ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել արդեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտից:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Արման Թովմասյանին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հույս է հայտնել, որ փորձառություն ունեցող դատավորն իր մասնագիտական գիտելիքների, աշխատանքային փորձի, պատրաստվածության, ինչպես նաև մարդկային որակների շնորհիվ կշարունակի հավուր պատշաճի իրականացնել արդարադատություն՝ բարձր պահելով դատավորի կոչումը և դատական իշխանության հեղինակությունը:
Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահի և դատավորների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ հարցերին: