Մայրենիի նկատմամբ մի տեսակ չափազանց հանդուրժող վերաբերմունք կա.Անահիտ Բախշյան

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ ունենալու վերաբերյալ կրթության մասին որևէ օրենքում գրված չէ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշայանը:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հրավիրել էր ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկում:

Անահիտ Բախշյանի խոսքով՝  հայեցակարգով չեն լավացնում որևէ առարկայի դասավանդման որակը:

«Հայեցակարգը թուղթ է: Եթե ուզում են որևէ առարկայի, այդ թվում ռուսերենի դասավանդման որակը բարձրացնե՞ն, ուրեմն պետք է ՀՆԱ-ի առնվազն չորս տոկոսը տրամադրեն կրթությանն ու գիտությանը, պիտի ուսուցչին տան արժանապատիվ աշխատավարձ, պիտի ուցուցիչ ընտրեն այն մարդուն, ով իսկապես ուսուցիչ է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝  այսօր պետք է մայրենիով ավելի շատ մտահոգվեն,  մայրենիի նկատմամբ մի տեսակ չափազանց հանդուրժող վերաբերմունք կա:

«Ով ինչպես ուզում խոսում է, որտեղ շեշտը ուզում դնում է ու հատկապես հեռուստալրագրողները»,-նշեց նա:

Անահիտ Բախշյանին ավելի շատ վրդովեցնում է այն, որ կրթության համար հատկացվող միջոցները Կառավարությունը դարձրել է երկու տոկոսից էլ քիչ. «Սա նշանակում է մեծ-մեծ խոսել կրթության անհրաժեշտության մասին, բայց անել բոլորովին հակառակը: «Բալը թանկ է», կարճ ասած»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության է դրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման համակարգի զարգացմանն ուղղված  մի նախագիծ:

Փաստաթղթում նշվում է, որ նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարևորությունը` ՀՀ կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) և արևելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն և այլն) լեզուներ:

Նախարարությունը պնդում է, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել