ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:
2017 թվականի սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանից հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքում նկարահանում կատարելու ժամանակ խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ, Վանաձոր քաղաքի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում ՍՊ ընկերության կողմից կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ: Ն.Ավետիսյանը` որպես լրագրող, նկարահանել է անձրևային եղանակին կատարվող աշխատանքները, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վերցրել է լրագրողի բջջային հեռախոսը և արգելել նրան տեսանկարահանումներ կատարել։ Ն.Ավետիսյանը ճանաչվել է տուժող և ճանաչման ժամանակ, որպես իր գործունեությանը խոչընդոտող անձի, մատնանշել է ՍՊԸ-ի տնօրենին։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, նույն միջադեպի վերաբերյալ տուժողի, վկաների ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: