Կառավարությունը կքննարկի Արցախում համալսարանների միջև համագործակցության հարցը

Կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Արցախում համալսարանների միջև համագործակցության ստեղծմանը։

ԿԳՆ-ի կողմից ներկայացված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի թիվ 871-ն որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում ստեղծվել է Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղ, որը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան:

2015 թվականի դեկտեմբերի 28-ի ԼՂՀ կառավարության հմ. 911-Ն որոշմամբ հիմնադրվել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը, որին վերապահվել է ագրարային մասնագիտությունների գծով ընդունելության և ուսուցման կազմակերպում:

Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հիմնադրումից հետո Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղին չեն հատկացվում ընդունելություն տեղեր և այս պահին մասնաճյուղում սովորում են միայն 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողներ:

Ստեղծված իրավիճակում առաջացել է լրջագույն խնդիր մասնաճյուղի ուսանողների և դասախոսական անձնակազմի հետագայի համար, քանի որ ուսանողները հրաժարվում են տեղափոխվել Շուշիի տեխնոլոգիական համալսարան և ստանալ վերջինիս կողմից շնորհվող ավարտական փաստաթուղթը:

Նկատի ունենալով առաջացած խնդրի կարևորությունը հայաստանյան կողմը (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն) և  ղարաբաղյան կողմը (ԼՂՀ կառավարություն, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն, Շուշիի տեխնոլոգիական համալսարան) սկսեցին իրականացնել բանակցություններ, որի արդյունքում ԼՂՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի հմ. 233-Ն որոշմամբ «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ կատարվեց փոփոխություն` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի կազմերում հատկացվեցին տեղեր՝ նրան վերապահելով կառավարչական և գիտակառավարչական լիազորություններ:

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի հմ.  871-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի գործունեությունը կդադարի, մասնաճյուղի սովորողները կտեղափոխվեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի համակազմ, կրթական գործունեության գործընթացը կվերահսկվի ագրարային համալսարանի կողմից և նրանց կշնորհվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավարտական փաստաթուղթ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել