Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2017թ. սեպտեմբեր ամսվա և անցած 9 ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Շենգավիթ, երկրորդը՝ Աջափնյակ և Ավան վարչական շրջանները, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:
Սեպտեմբերի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ 8-րդ, 9-րդ և 10-րդ տեղերն էլ, համապատասխանաբար, զբաղեցրել են Նուբարաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած 9 ամսվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշենը, երկրորդը Շենգավիթն է, իսկ երրորդ տեղում Ավան վարչական շրջանն է:
2017թ-ի անցած 9 ամիսների ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:
Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել կարճ ժամանակահատվածում բացթողումները շտկելու նպատակով:
«Ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք եմ ակնկալում յուրաքանչյուրիցդ: Ուսումնասիրեք և հստակ քայլեր ձեռնարկեք բոլոր այն ոլորտների ուղղությամբ, որտեղ նկատվել են թերացումներ և որոնց պատճառով էլ այսօր վարչական որոշ շրջաններ հայտնվել են վերջին հորիզոնականներում: Յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց: Ի վերջո, գնահատման համակարգում ընդգրկված են այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի համաչափ զարգացումը, իսկ մենք այս հարցում թերանալու իրավունք պարզապես չունենք»,- ընդգծել է քաղաքապետը: