Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման վճարների հավաքագրումներն ապահովել:
Նրա խոսքով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը, ճանապարհային նշանները: Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին՝ գործնականում գրանցվում են դեպքեր, երբ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում։
Վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում գույքագրել ճանապարհային պատահարների ժամանակ ճանապարհային նշանների պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ: Իսկ ոստիկանապետին հանձնարարեց սահմանել խիստ հսկողություն ճանապարհային պատահարների դեպքում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքի վնասները ներառելու համար: