Եվրոպական սահմանային և ափային անվտանգության գործակալության FRONTEX հաճախորդների գոհունակության վերլուծության կենտրոնը Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ Բագրատաշենի ուղևորների շրջանակում անկախ հարցում է իրականացրել:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միգրացիայի միջազգային կազմակերպության և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել սահմանը հատողների գոհունակությունը միջազգային չափանիշներով կազմակերպվող գործընթացներից: Մասնավորապես՝ հարցվածների 77%-ը չափազանց գոհ է սահմանային կետի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից, 92%-ը բարձր է գնահատել անձնագրային/ճանապարհորդական փաստաթղթերի ստուգման համար ծախսված ժամանակի արագությունը:
Հարցվածների 88%-ը սահմանահատման իրենց փորձը գնահատել է շատ դրական, 73%-ը գոհ է ենթակառուցվածքներից, 75%-ը՝ մաքրությունից, նույնքան մարդ գոհ է եղել անվտանգության ապահովման մակարդակից: Նշանների, ցուցանակների առկայությունից և օգտակարությունից գոհ է եղել հարցվածների 65%-ը, լրացուցիչ տեղեկատվության մատչելիությունից՝ 80%-ը: Ուղևորների նկատմամբ սահմանային կետի աշխատակիցների վերաբերմունքից բավարարված է եղել հարցվածների 75%-ը, անձնագրային/ճանապարհորդական փաստաթղթերի վերահսկողության վերաբերյալ կանոնների և ընթացակարգերի հստակեցմամբ՝ 83%-ը: