Դատավորի այս որոշումը շատ եմ կարևորում, քանզի այն բացառիկ է մի քանի հանգամանքներով. փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարելով պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը` Թաթուլ Գևորգյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչեց թույլատրելի և նա շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ արձակվեց:

Դատավոր Նախշքարյանի կողմից կայացված այս որոշումը շատ եմ կարևորում, քանզի այն բացառիկ է մի քանի հանգամանքներից ելնելով`

1. Թաթուլ Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` 3 դրվագով, նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, որպիսի պայմաններում մեր իրականության մեջ եզակի դատավորներ նման որոշում կկայացնեին,

2. տիկին Նախշքարյանը քաղաքացիական գործեր քննող դատավոր է, իսկ փաստաբաններին հայտնի է, որ քաղաքացիական գործեր քննող դատավորների մեծամասնությունը կալանքի հարցերում հիմնականում նախաքննական մարմնի միջնորդությունները բավարարողի դերում է հանդես գալիս, քանզի ՙՙգլխացավանքից՚՚ հեռու մնալու համար չեն ցանկանում ՙՙիրենց չվերաբերող՚՚ հարցերում վճռորոշ դերակատարում ունենալ,

3. դատավոր Նախշքարյանն իր որոշումներում հետևողականորեն հաստատել է, որ կաշառք ստանալու մեղադրանքի հետ կապված բացակայում է հիմնավոր կասկածը, որ Թ.Գևորգյանը կատարել է այդ հանցագործությունը և դա այն պայմաններում, որ մեղադրանքի կողմն այդ հանցագործության կատարումը հաստատված է համարել նույնիսկ մեղադրական եզրակացությամբ և այդ հոդվածով ևս քրեական գործն արդեն իսկ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար,

4. այն դեպքերում, երբ քրեական գործն ուղարկված է լինում դատարան և այլ դատավորի վարույթում է գտնվում, դատավորների մեծամասնությունը կալանքից ազատելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները մեխանիկորեն մերժում են, քանզի ՙՙչգրված կանոններով՚՚ խուսափում են միջամտել այլ դատավորի վարույթում գտնվող գործի քննությանը:
Շնորհակալ եմ տիկին Նախշքարյանին արդար և մարդասիրական որոշում կայացնելու համար և հուսով եմ, որ այս որոշումը քաղաքացիական գործեր, ինչու չէ` նաև քրեական գործեր քննող շատ դատավորների համար օրինակ կլինի, որ եթե օրենքով իրենց բացառիկ իրավունք է վերապահված սահմանափակել անձի ազատության իրավունքը, ապա դա պետք է անեն միայն բավարար հիմքերի առկայության դեպքում, այլ ոչ թե «իրենց ապահովագրելու և գլխացավանքից հեռու մնալու» միակ նպատակով:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել