Նախարարը պաշտոնապես պարզաբանել է դեղերի առաքման հարցը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական պարզաբանում է ստորագրել՝ դեղերի առաքման վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է.

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանում է, որ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան: Դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը, մասնավորապես` դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այլ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը դեղերի առաքում պատվիրելու հարցը:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 44-րդ կետի համաձայն` դեղատնային գործունեությունն իր մեջ ներառում է սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ դեղերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ապրանքատեսակների մեծածախ ձեռքբերում, պահպանում և մանրածախ իրացում կամ բաց թողնում, տեղեկատվություն և խորհրդատվություն, առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության դեպքում դեղերի պատրաստում կամ առաքում:

Վերոգրյալից հետևում է, որ դեղերի առաքումն իրենից ներկայացնում է դեղատնային գործունեության բաղկացուցիչ մասը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «3. Առողջապահության բնագավառ» բաժնով սահմանված է «դեղատնային գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան:

Վերոգրյալից հետևում է, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղերի առաքում կարող է իրականացնել միայն դեղատնային գործունեության լիցենզիայի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կամ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող այլ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել