Լևոն Մկրտչյանը մասնակցել է «Աշխարհի մեծ դաս» միջոցառմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հերացի ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի մեծ դաս» միջոցառմանը՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ, պատասխանել դպրոցականների հարցերին: Բաց դասին ներկա են եղել նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Իր խոսքում ԿԳ նախարարը, անդրադառնալով «Աշխարհի մեծ դասի» ընդհանուր գաղափարին, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացն հնարավորություն է տվել զգալ աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն՝ կյանքի, կենցաղի ու մտածողության վրա: «Մենք մեկ միավորի լիարժեք անդամ ենք արդեն ավելի քան 25 տարի, քանի որ մեր երկիրը կարողացավ այս տարիների ընթացքում ձևավորել իր անկախությունը: Դուք` աշակերտներդ, անկախության հերթական սերունդն եք, որովհետև ծնվել եք անկախ Հայաստանում և կրելու եք անկախ պետության քաղաքացիական պարտավորություններ: Սա նշանակում է` մենք պետք է հասկանանք և գնահատենք` ինչի՞ տեր ենք այսօր և ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին: Մեզ համար այս բանաձևը դեռևս 5-րդ դարում տվել է մեծ պատմահայր Խորենացին` ասելով` թեև մենք փոքր ազգ ենք, բայց մեր երկրում էլ, մեր ժողովրդի հետ էլ կատարվում են իրադարձություններ, որոնք արժանի են հիշատակման: Այսինքն` աշխարհում ժողովուրդները հիշվում և հիշատակվում են իրենց անցյալով, ներկայով և ապագային ուղղված նպատակադրումներով: Մենք այն ժողովուրդներից ենք, որոնք միշտ կարողացել են իրենց ձեռագիրն ունենալ աշխարհի մեծ գրադարանում: Ավելի քան 7000 տարվա պատմությամբ իրավունք ունենք այս աշխարհում ունենալ մեր տեսակին համարժեք, միայն մեզ հատուկ փոքրիկ գրադարակը»,-նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ ՄԱԿ-ը մինչև 2030թ. աշխարհի զարգացման համար տվել է 17 առաջնահերթություններ, որոնց իրագործմամբ մարդկությունն ավելի բարձր որակի կհասնի: «Այդ առաջադրանքներն, իհարկե, մինչև 2030-ը մասամբ կլուծվեն, բայց ընդհանրապես, մարդկությունն իբրև ամբողջություն, իր համար միշտ առաջադրանքներ է ստեղծում: Ամենակարևոր առաջադրանքը մենք ստացել ենք աստվածային ձևով` դրանք պատվիրաններն են: Յուրաքանչյուր քաղաքակրթություն ձևավորում է իր սկզբունքները, որոնց կյանքի կոչելու ընթացքում էլ աստիճանաբար կյանքը բարելավվում է: Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր նախորդ սերնդից որոշ արժեքներ ստանալ և պահպանելով դրանք` հաջորդ սերնդին ավելի շատ բան փոխանցել: Եթե մեր սերունդը կարողանա բացի անկախությունից, ազատագրված Արցախից, նաև ճանաչված Արցախ ու բարեկեցիկ Հայաստան փոխանցել հաջորդ սերնդին, այսինքն՝ ձեզ, դուք էլ ձեր հերթին հաջորդ սերնդին պետք է ավելին փոխանցեք»,-ընդգծել է Լ. Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը շատ է տեսել անարդարություն և տուժել խաղաղության պակասից, հետևաբար  խաղաղության և արդարության հասնելու ամենաուղիղ ճանապարհը մեր ուժեղացումն է.«Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ Հայաստանը շարունակի մնալ կրթության և գիտության երկիր: Բացի այդ` պետք է կարողանանք մեր հասարակարգը պահել ու քարի վրա քար ավելացնելով առաջ շարժվել»:

Բաց դասին իրենց խոսքն են ասել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ու ԵՊԲՀ  ռեկտոր Ա. Մուրադյանը: Աշակերտները հարցեր են ուղղել հյուրերին, որոնք առավելապես վերաբերել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակին, որով սահմանվում է՝ ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել