ՀՀ-ում կիրականացվեն սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը, որի նպատակն է նպաստել հանրապետության տարածքում սեյսմակայունության բարձրացման կարիք ունեցող տարբեր նշանակության շենքերի անվտանգ շահագործմանը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանը և հնարավոր հետևանքների կանխարգելմանը,հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը:
Հիմնավորման համաձայն, հանրապետությունում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններ, այդ թվում` 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք և 98 հազար տարբեր նշանակության շենքեր և շինություններ, այդ թվում՝ պատմամշակութային հուշարձաններ: Ռազմավարությամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի լուծման առավել նպատակահարմար տարբերակ դիտարկվել է բնակարանային ֆոնդի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի, այդ թվում՝ հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյմակայունության բարձրացմանն ուղղված առանձին ոլորտային նպատակային ծրագրային մոտեցումը: Այն հնարավորություն կտա ըստ ոլորտների գնահատել առկա իրավիճակը, վերհանել խնդիրները, սահմանել դրանց լուծման առաջնահերթությունները և մշակվող ծրագրերում հաշվի առնել սեյսմիկ ռիսկի բոլոր բաղադրիչները, փուլային մոտեցմամբ իրականացնել համակարգված միջոցառումներ: Անդրադառնալով նախագծին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ սեյսմիկ հարցերի հետ կապված անհրաժեշտ է գույքագրել ոլորտում առկա խնդիրները, գտնել լուծումներ: «Շատ հետևողական պետք է լինենք, ճիշտ է՝ հարցի լուծումը ֆինանսական ծանր խնդիր է, բայց պետք է քայլ առ քայլ գնանք առաջ»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար կանխարգելմանն ուղղված ծախսերն ավելի քիչ են, քան դրա հետևանքների վերացման համար պահանջվող ծախսերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել