ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Քաջարան քաղաքում տեղի ունեցած դանակահարությունը, մեղադրանք է առաջադրվել մեկ անձի,տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
2017թ. սեպտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով Քաջարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա տղամարդ։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը դանակահարվել է սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ համաքաղաքացիների հետ ունեցած վիճաբանության ժամանակ։ Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Քաջարանի բնակիչ է՝ ծնված 1990թ.։ Վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, քրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: