Համայնքային մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից ևս կընդգրկվի առողջապահական ապահովագրության փաթեթում

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացն արդեն սկսվել է և այդ նպատակով հայտարարվել է համապատասխան մրցույթ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ այդմ, 2018 թվականի հունվարի 1-ից մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից հնարավորություն կունենա օգտվելու առողջապահական ապահովագրության փաթեթներով նախատեսված ծառայություններից: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության ներքո:

«Մեր նախընտրական ծրագրով նախատեսել էինք, որ մանկապարտեզների աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը ևս լուծենք ու, ըստ այդմ, արվել է հնարավորը, որպեսզի 2018 թվականի հունվարի 1-ից ի թիվս մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների` համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ:
Պարոն Նիկոյան, ուսումնասիրեք նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթամշակութային և մարզական կրթօջախները, որոնց աշխատակիցները դեռևս ներառված չեն առողջապահական ապահովագրության համակարգում, որպեսզի հաջորդ տարվա ծրագրում նրանց ևս ընդգրկենք հնարավորության դեպքում: Խոսքը, մասնավորապես երաժշտական, արվեստի և սպորտի դպրոցների մասին է», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել