Չինաստանն ու Հայաստանը պաշտպանական ոլորտում համագործակցության են պատրաստվում

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ օգոստոսի 4-ին Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերությունը խոշորագույններից մեկն է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում նաև առաջատարը։ Վերջին տարիներին ընկերությունը հսկայական առաջընթաց է գրանցել նաև ռազմարդյունաբերության ոլորտում՝ սպառազինության համաշխարհային շուկա ներմուծելով տարբեր զինատեսակներ, որոնք հաջողությամբ մրցակցում են ավանդաբար այդ շուկայում առաջնային դիրքեր զբաղեցնող երկրների համանման արտադրանքի հետ։

Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։

Բանակցությունների ավարտին Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել ընկերության թանգարանում, որտեղ ներկայացված են չինական մշակույթի հնագույն և արժեքավոր ցուցանմուշներ։

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել