Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում և հարակից իրավական ակտերում ամրագրվել է «Ելք», «Ծառուկյան դաշինք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների առաջարկներն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ, նախագծերի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը։
«Ի՞նչ է փոփոխվել օրենքներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում նախ և առաջ կատարվել է փոփոխություն խմբակցությունների կողմից, ավելացվել է, որ հանձնաժողովում թեկնածու առաջադրելու մրցութային խորհրդի կազմում խորհուրդը կազմված է Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և Հանրային խորհրդի կողմից ներկայացված մեկական անդամներից, ընդ որում՝ խմբակցությունների կողմից խորհրդի անդամը նշանակվում է կոնսենսուսով, իսկ Հանրային խորհրդի կողմից առաջարկված անդամը պետք է լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։
Բացի այդ, ամրագրվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավորվում է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի մեկը հրապարակել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ առանձին հաղորդում։
Այնուհետև Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ որևէ մեկի փաստաբան լինելու պարտականությունը ստանձնելու ցանկություն չունի, բայց պետք է մի կարևոր շեշտադրում անի․ «Երբ մենք բոլորս խոսում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, նրա գործիքակազմի, նրա հաջողվելու և չհաջողվելու մասին, պարտավոր ենք մի քանի հանգամանքներ նկատի ունենալ, առաջինը՝ ինչպիսի՞ ռեսուրսներով, ի՞նչ գործիքակազմով և ի՞նչ ժամկետներում է հանձնաժողովն այդ աշխատանքը կատարել։ Բացառապես հանձնաժողովի ջանքերով է այսօր ներդրված հայտարարագրման այն համակարգը, որը մենք ունենք։ Համեմատության համար նշեմ Ռումինիայի փորձը՝ 200 անձնակազմ, 4,5 մլն եվրո բյուջե և միայն 7 տարվա ընթացում հայտարարագրերի գործիքակազմի ներդրում»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը և անդրադարձավ Հայաստանում գործող էթիկայի հանձնաժողովին․ «Հինգ անդամ, բյուջեին կարող եք ինքներդ էլ ծանոթանալ և ընդամենը 3 տարում մեզ այնքան բնական թվացող՝ հայտարարագրերի համակարգի ներդրում»,- ամեփոփեց նա։
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամն և ամբողջությամբ ընդունեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը․ քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի դեմքին ժպիտ էր երևում՝ նրա ներկայացրած նախագիծն ընդունվեց միաձայն՝ 92 կողմ ձայնով։
Նշենք, որ նախագծի հեղինակներն են Արփինե Հովհաննիսյանը և կառավարությունը, փաթեթը ձևավորվել է քաղաքացիական հասարակության հետ ջանքերի արդյունքում։