Հայաստանում ինչքան էլ հակակոռուպցիոն ծրագրեր ձեռնարկենք ու փորձենք կյանքի կոչել միևնույն է դա բավարար չի լինում կանխարգելելու կոռուպցիայի դեպքերը, անգամ նվազեցնել դրանք: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտնեց «ԵԼՔ» դաշիքնի պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ խորհուրդը, որ ստացել էր 800.000 դոլար, եթե չեմ սխալվում, ի՞նչ արդյունավետություն ցուցաբերեց, ինչ՞ արդյունքներ ունեցանք, ինչպե՞ս ծախսվեցին այդ գումարները և որևէ արդյունք ունեցանք, թե՝ ոչ»,-պատգամավորն իր հարցն ուղղեց նախագիծը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանին:
«Արդյունավետության հետ կապված պետք է հաշի առնենք այն, թե ինչ գործիքակազմ է ունեցել տվյալ մարմինը: Կոռուպիցայի դեմ խորհուրդն այն ժամանակ էլ խորհրդակցական մարմինն էր՝ քննարկելու այս կամ այն հարցադրումը: Երբ հարցը բարձրացնում եք համապատասխան գումարի համար, պետք է նախ ճշգրտել, թե այդ գումարն ինչի՞ համար է տրվել: Գումարի ճնշող հատվածը դեռ ծախսված չէր, վերջին իմ տեղեկություններով, դա նախատեսված է եղել միջազգային կազմակերպությունների կողմից հենց միջազգային փորձագետներին վարձելու համար, որոնք պետք է ինչ-որ աջակցություն ցուցաբերեին:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն արդյունավետ է եղել մի քանի տեսանկյունից. ծնվել են շատ կարևոր նախագծեր՝ ապօրինի հարստացում, կանխիկ գործառնությունների սահմանափակում, քննարկվել են հակակոռուպցիոն երկու մոդելները: Որպես հարթակ, այն ինչ պետք է աշխատեր, որոշակի արդյունավետություն եղել է: Եթե դուք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին եք խոսում, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը գուցե վերտառությունն ինքն է շփոթեցնում: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը՝ քննության, պատժելու, վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ»,-պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը:
Նա նաև հայտնեց, որ ներկայացնել հաշվետվությունը այն մասին, թե ինչպես է ծախսվել այդ 800.000-ը՝ հնարավոր է, եթե հարցադրումը ներկայացվի Կառավարություն: