Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը

Քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:

Այս դեպքում «մերձավոր» է համարվում այն անձը, որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող անձը գրավոր դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմին:

Քրեական դատավարությանը մասնակցող անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը, հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:

Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:

Եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու օրենքով սահմանված կարգով:

Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումի մերժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ ձեռնարկելու մասին նոր դիմում ներկայացնելու համար, եթե նա ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ:

Ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ղեկավարը համապատասխանաբար ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձևով պատիժը կրող անձի պաշտպանության համար կարող է դիմել քրեական վարույթն իրականացնող մարմին՝ իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել