Կառավարությունն այսօր քննարկեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը՝ երկարաձգելով իրավական ակտի գործողության ժամկետը։
«Այս փոփոխությունը հնարավորություն կտա «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած շուրջ հազարից ավելի քաղաքացիների խուսափել քրեական պատասխանատվությունից խուսափելով, վերադառնան հայրենիք և վճարումներ մուծեն, դրանով բավականին գումար կմուծվի պետական բյուջե»,- նախագիծը ներկայացնելով հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Սերժիկ Սրապիոնյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ ժամկետների պարբերական երկարաձգումը լավագույն լուծումը չէ․ «Սա ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի արտահոսք, հույսով, որ մինչև 27-ը արտերկրում գտնվելով, հետո այդ գումարը վճարելու են ու լեգիտիմացնեն չծառայել։ Այս անգամ ընդհատել պետք չի, բայց սա հաջորդ տարվանից պետք է դադարեցնել»,- նշեց նախարարը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ օրենքի նախագիծը հավասարապես տարածվում է երկու խումբ սուբյեկտների վրա՝ և՛ շարքային անձնակազմի, և՛ պահեստազորի սպաների․ «Կարծում եմ այս երկու խումբ սուբյեկտների նկատմամբ հավասարաչափ մոտեցում ցուցաբերելը արդարացված չէ, բացի այդ, պահեստազորի սպաների պարագայում այն կանխարգելիչ լուրջ խնդիրներ է առաջացնում։ Եթե շարքային անձնակազմի դեպքում զորակոչից խուսափած քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց մեծ մասը հիմնականում վերաբերում են այն անձանց, ովքեր մինչև 18 տարին լրանալը ՀՀ-ում չեն գտնվել, արտասահմանում, օրենքի ուժով ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, ապա պահեստազորի սպաների դեպքում, այս անձիք բավականին հասուն տարիքում գտնվել են ՀՀ-ում, ստացել են ուսումնառություն, այսինքն՝ ՀՀ-ն նրանց պատրաստել է որպես սպայի, ուսումնառության ընթացքում, ինչպես գիտենք, նրանք բազմաթիվ արտոնեություններից են օգտվել, այս պարագայում նրանց ևս այս օրենքի ուժի ազդեցության տակ պահելը, իրավաչափ չէ»,- նշեց պարոն Դավթյանը՝ հավելելով, որ շատ անձիք գիտակցելով վերոնշյալ եղանակով խուսափելու հնարավորությունը բացակայում են հանրապետությունից, հետո վերադառնում են, գումարներ վճարելով ազատվում քրեական պատասխանատվությունից։
Պնախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախորդ ամիսներին պահեստազորի սպաների վերաբերյալ կարգավորումներ են ընդունել՝ նախատեսելով նաև հստակեցումները։
Որոշվեց տրամադրել երկու օր քննարկելու համար։