Միհրան Պողոսյանը «ZAZ» մակնիշի ավտոմեքենայով 153կմ/ժ արագությամբ ընթացել է Սևան-Երևան ավտոճանապարհով և տուգանվել

Արզգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը «ZAZ» մակնիշի ավտոմեքենայով 2015 թվականի ապրիլի 4-ին՝ 18։57-ին 153կմ/ժ արագությամբ ընթացել է Սևան-Երևան ավտոճանապարհով․ արագաչափը ֆիքսել է արագությունը։

Սա ոչ թե հումոր է, այլ հատված դատական գործից, որը դատարանները քննում են արդեն երկու տարի։

Տուգանքը ստանալուց հետո պարոն Պողոսյանն այն չի մուծել, իսկ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 09.09.2015 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ պատգամավորի։

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը ճանապարհային ոստիկանության 16.04.2015թ. որոշմամբ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124․4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական տույժի 200 հազար ՀՀ դրամի չափով՝ «ZAZ» մակնիշի 55 UL 333 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ 04.04.2015 թվականին՝ ժամը 18։57-ին, Սևան-Երևան ավտոճանապարհին 153կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։

ՃՈ-ն խնդրել է պատասխանողից ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվին վճարելու համար բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ավելացված տույժերը։

Դատավոր Արման Թովմասյան

Միաժամանակ ներկայացված հայցադիմումով խնդրել է բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի։

30.09.2015 թվականին Դատարանը որոշում է կայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։

Դատարանը փաստարկված է համարել հայցը և գտել, որ ներկայացված հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստիև պատասխանողից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետք է բռնագանձել 300.000 ՀՀ դրամ և 6.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Վճիռը կայացրել է երիտասարդ դատավոր Արման Թովմասյանը։

2015թ․-ին Միհրան Պողոսյանը դեռևս զբաղեցնում էր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնը։

Թեև «ZAZ»-ը հայ հանրությանը հայտնի է «Զապ» կամ «Զապորոժեց» կոչվող մոդելներով, սակայն ներկայումս ուկրաինական ընկերութունը արտահանում է նոր մոդելի ավտոմեքենաներ, որոնցից մի քանիսը ներկրվել են Հայաստան, օրինակ՝ «ZAZ-Tavria»-ն։ Թե կոնկրետ ինչ մեքենա է վարել Միհրան Պողոսյանը, նշված չէ դատական ակտերից ոչ մեկում, չի բացառվում՝ ձևափոխված «Զապորոժեց» լինի, քանի որ գործարանային արտադրության «Զապորոժեց»-ը արագությունը 121 կմ/ժ-ից ավելի չի կարող գերազանցել։

Վարչական դատարանի վճռի կայացումից հետո Միհրան Պողոսյանի փաստաբանական թիմը կանգ չի առել, նրանք բողոք են ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը վերադարձնել՝ նշելով, որ այն կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում։

Դատավոր Արթուր Առաքելյան

Վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին երկրորդ բողոքը կրկին քննել է նույն կազմը՝ Արթուր Առաքելյանի նախագահությամբ։

Այսօր՝ մայիսի 23-ին դատարանը հրապարակեց որոշումը՝ բավարարելով այն մասնակի, բեկանեց Վարչական դատարանի վճիռն ու կարճեց գործի վարույթը․ «Որպես բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար ՀՀ ոստիկանության ՃՈ-ից հօգուտ Միհրան Պողոսյանի բռնագանձել 9000 ՀՀ դրամ, ավելի վճարված 1000 դրամը վերադարձնելով Միհրան Պողոսյանի»,- որոշումը հրապարակեց դատավոր Արթուր Առաքելյանը։

Միհրան Պողոսյանը «3» թվերի սիրահար է՝ դատելով նրա մեքենաների համարանիշներից, պատահական չէ, որ «ZAZ»-ն ունի ոչ սովորական համարանիշ՝ «55 UL 333»։ ԱԺ պատգամավորը և կինը վարում են կամ նախկինում են վարել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ, առաջինի համարանիշը՝ «333 AA 33» է, երկրորդինը՝ «33 OO 333»։ Այս մասին մի քանի անգամ գրել է մամուլը։

Միհրան Պողոսյանն իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2014թ․-ին՝ հիշատակելով միայն «RANGE ROVER SPORT Supercharged 4.2» մակնիշի ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ, ո՛չ 2014թ, ո՛չ էլ հետագա տարիների հայտարարագրում Պողոսյանը չի նշել «ZAZ» մակնիշի ավտոմեքենայի առկայության մասին։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել