Telcell-ը հայտարարություն է Beeline-ի հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ.
«Telcell վճարային տերմինալներով փետրվարի 16-ից հնարավոր չէ Beeline կապի ծառայությունների դիմաց կատարել վճարումներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը` պատճառված անհարմարության համար:
Սա Beeline ընկերության միակողմանի որոշումն է: Դադարեցվել է անգամ բանակցություններում չքննարկվող՝ ֆիքսված հեռախոսակապի ու Ինտերնետ ծառայության համար վճարումների ընդունումը:
Տեղեկացնենք, որ Beeline կապի ծառայությունների դիմաց վճարել կարելի է միայն Beeline գրասենյակների Telcell մասնաճյուղերում: Մեր մյուս մասնաճյուղերի, ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղակայված տերմինալների, սուպերմարքեթներում սպասարկման կետերի, ինչպես նաև մեր գործընկեր բանկերի՝ Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված ինքնասպասարկման գոտիների միջոցով վճարումներ կատարել ներկա պահին հնարավոր չէ:
Beeline-ի հետ բանակցությունները շարունակվում են, և հուսով ենք` շուտափույթ հարթել խնդիրը: «Թել-Սել» ընկերությունը միշտ բաց է երկխոսության, փոխզիջումների և համագործակցության համար:
Էլեկտրոնային վճարումների շուկայում շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում «Թել-Սելը» հավատարիմ է հաճախորդների սպասարկման մատչելիություն ապահովելու և վճարումների գործընթացը հարմարավետ դարձնելու իր քաղաքականությանը»: