Պետք է վերանայել մինչ այս պահը կատարած բոլոր ծախսերի ողջամտությունը. Գայանե Դեմիրչյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Փաստաբան Գայանե Դեմիրչյանը պատասխանել է Իրավաբան.netի հարցերին.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Այս պահին ինձ համար էական և առանցքային խնդիր է շրջանառության մեջ գտնվող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մասնավորապես, նախագծում առկա են մի շարք դրույթներ, որոնք ընդունվելու դեպքում դամոկլյան սրի պես կախվելու են փաստաբաններիս գլխին: Խոսքը վերաբերում է կարգապահական տույժերի չհիմնավորված խստացմանը, կարգապահական վարույթներ հարուցելու ժամկետների երկարաձգմանը և այլն:

Բացի այդ, Նախագծում առկա են նաև մի շարք վիճելի դրույթներ, մասնավորապես` անդամվճարը կանխավճարի տեսքով վճարելը, պալատի աշխատակից հանդիսացող խորհրդի անդամի «երաշխիքները» և այլ: Նշված Նախագծի կապակցությամբ մի քանի փաստաբաններով արդեն իսկ ակտիվ քայլեր ձեռնարկել ենք: Մասնավորապես, համատեղ առաջարկություններ և դիտողություններ ենք ներկայացրել համապատասխան մարմիններին:

Որպես հիմնական և առաջնային ուղղություն ինձ համար, անկախ խոհրդի անդամ ընտրվել կամ չընտրվելու հանգամանքից, օրենքների, ներքին իրավական ակտերի, այդ թվում` Փաստաբանի վարքագծի կանոնագրքի, համապատասխան փոփոխություններ նախաձեռնելն է: Բնականաբար ասվածն ավելի արդյունավետ կկարողանամ իրականացնել խորհրդի կազմում:

2-րդ ուղղությունը պալատի և խորհրդի գործունեության թափանցիկության ապահովումն է, որը սերտորեն կապված է նաև 1-ին ուղղության հետ: Կարծում եմ անհրաժեշտ է ստեղծել և/կամ ակտիվացնել արդեն իսկ ունեցած մեխանիզմները, որպեսզի պալատում և խորհրդում տեղի ունեցող քննարկումները, որոշումները հասանելի լինեն բոլոր փաստաբաններին: Կարելի է մտածել նաև որոշակի հարցերով խորհրդի դռնբաց նիստեր կազմակերպելու մասին:

3-րդ ուղղությունը թերևս պալատի ֆինանսական մուտքերի և ելքերի բացահայտ և ողջամիտ տնօրինման ապահովումն է: Ինչը կարծում եմ այս պահին պալատի ամենախնդրահարույց թեմաներից մեկն է, հակառակ դեպքում այսօր կանգնած չէինք լինի այդքան շրջանառվող այս հարցի առաջ: Կարծում եմ պետք է վերանայել մինչ այս պահը կատարած բոլոր ծախսերի ողջամտությունը: Հնարավորության սահմաններում պետք է կատարել ծախսերի համապատասխան կրճատում: Այս պահին ավելին ասել չեմ կարող, քանզի պալատի ֆինանսական հաշվետվություններին մանրամասն ծանոթ չեմ, ինչը գալիս է 2-րդ ուղղության բացից:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Այս հարցին մեկնաբանություններ անելը ճիշտ չեմ համարում, նախ` մանրամասնորեն չեմ տիրապետում գործի փաստական հանգամանքներին, երբևէ չեմ ուսումնասիրել կազմված հաշվետվությունները, հաշվապահական այլ փաստաթղթերը և այլ, երկրորդ` այս պահին առկա են հարուցված քրեական և քաղաքացիական գործեր, ինչը նշանակում է, որ հարցն արդեն իսկ իրավական տիրույթում է, հետևաբար համապատասխան գնահատականներ իրավապահ մարմինների կողմից կհնչեցվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել