Այսօր կառավարության նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված չքննարկվող հարցերի թվում էր պետական պահուստում առկա մարգարիտների իրացման հարցը:
Նախագծում նշվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանն իրացնել պետական պահուստում հաշվեգրված 102 793 (մեկ հարյուր երկու հազար յոթ հարյուր իննսուներեք) գրամ աճեցված (կուլտիվացված) մարգարիտը»:
Իրավական ակտը անհրաժեշտությունը հիմնավորվում է այսպես. «Պետական պահուստների կառավարումն արդյունավետ դարձնելու և պետբյուջեում համապատասխան եկամուտներ ապահովելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող պետական պահուստներից իրացում»:
Նշվում է նաև, որ պետական պահուստներում առկա աճեցված (կուլտիվացված) մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը: