Իրավաբան.net անկախ մասնագիտացված կայքի խմբագրակազմի Էթիկայի կանոններ
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից գործարկվող Իրավաբան.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի (այսուհետ՝ Լրատվամիջոց) առաքելությունն է օբյեկտիվ և ճշտված տեղեկությունների հրապարակումն ու տարածումը: Լրատվամիջոցի խմբագրակազմը՝
- Հարգում է ընթերցողի անաչառ տեղեկություններ ստանալու իրավունքը և իրացնում այն:
- Հարգում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և իր աշխատանքով չի վնասում անձին:
- Որդեգրել է էթիկայի սկզբունքներ, որոնք բխում են հասարակության իրազեկ լինելու շահերից, ինչպեսև բարձր է պահում լրագրողի մասնագիտական վարկանիշը:
Լրատվամիջոցի էթիկայի վարքագծի կանոններն են՝
- Հրապարակել բացառապես ճշտված տեղեկություններ: Լրատվական ձևաչափն ու օպերատիվ աշխատելու ձգտումը չի կարող պատճառ լինել չճշտված տեղեկություններ հրապարակելու համար:
- Փաստերը տարանջատել մեկնաբանություններից, չխեղաթյուրել դրանք, տեղեկություն հրապարակելիս գլխավորապես հղում կատարել տեղեկատվության սկզբնաղբյուրներին:
- Իրադարձությունները լուսաբանել բազմակողմանիորեն, անաչառ, որևէ վեճի լուսաբանման դեպքում լրագրողը պարտավոր է լսել բոլոր կողմերին և ներկայացնել նրանց դիրքորոշումները:
- Հարգել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Բացառություններ կարող են լինել, երբ տեղեկությունները առնչվում են պաշտոնյաների եկամուտներին և կոռուպցիոն երևույթներին, ինչպես նաև անձի վերաբերյալ հանրությանը հայտնի դարձած այնպիսի տեղեկությունները, որոնք հաստատվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական և այլ իրավական ակտերով:
- Հարգել անձի անմեղության կանխավարկածը:
- Հարգել գործընկերների հեղինակային իրավունքները:
- Խստորեն դատապարտել գրագողության, հեղինակային իարվունքների խախտման դեպքերը և լրատվական դաշտում անբարեխիղճ գործելաոճը:
- Գործել բարեխիղճ, թափանցիկ և հրապարակային, լինել արհեստավարժ և խստորեն հետևյալ սույն էթիկայի կանոններին:
- Մերժել նվերների, այդ թվում նաև դրամական պարգևների, անվճար ուղևորությունների հրավերների ընդունումը, բացառությամբ, եթե դրանք կատարվում են Գործատուի՝ կողմից որպես խրախուսում:
- Սոցիալական կայքերում չկատարել այնպիսի գրառումներ, որոնք կարող են ստվերել լրատվամիջոցի անկողմնակալությունը և անկախությունը, վարկաբեկել մարդու արժանապատվությունը և այլ իրավունքները:
Լրատվամիջոցի աշխատակազմը առաջնորդվում է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության աշխատանքային էթիկայի կանոններով, որն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 27-ին: