48-ամյա Ռաֆիկը մեղադրվում է ընկերոջ սպանության համար: Գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լևոն Արազյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռաֆիկը 2014 թվականի հոկտեմբերի 13-ի երեկոյան, Ոսկետափ գյուղի կենտրոնական ավտոճանապարհին հանդիպել է համագյուղացի Կարենին և վերջինիս հրավերով միասին գնացել են նրա տուն: Այստեղ նրանց ոգելից խմիչք են օգտագործել, այնուհետև գնացել են Այգավան գյուղի գարեջրատուն և շարունակել են հարբել:
Այնուհետև, Ռաֆիկն իր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով Կարենին տուն տանելու ճանապարհին նկատել է, որ բջջային հեռախոսն իր մոտ չէ: Հեռախոսը փնտրելուց և չգտնելուց հետո Ռաֆիկը Կարենին ասել է, թե կասկած ունի, որ նա է գողացել:
Միասին գնացել են Այգավան գյուղի խանութներից մեկից գարեջուր են գնել, խմել, որի ժամանակ հեռախոսը գողանալու հարցի շուրջ ծագած վիճաբանությունը շարունակելու համար Ռաֆիկն առաջարկել է գնալ ամայի վայր և երկուսով վերջինիս վարած նշված ավտոմեքենայով գնացել են Այգավան գյուղի Ս.Դավթյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող տարածք ու շարունակել վիճաբանել:
Վիճաբանության ընթացքում Կարենը ձեռքով հարվածել է Ռաֆիկին, ապա նրան հայհոյել է: Ռաֆիկը Կարենին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով բռունցքներով, բազմակի` առնվազն հինգ անգամ հարվածել է նրա գլխին՝ պատճառելով գանգուղեղային փակ բութ վնասվածքներ, որոնք առաջացրել են գլխուղեղի կենսական կարևոր օրգանների սուր խանգարում, ինչի հետևանքով էլ Կարենը մահացել է:
Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: