Ինչպե՞ս է պետք շրջադարձ կատարել, որպեսզի չտուգանվեք

Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ.
2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից:

Շրջադարձը պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի երթևեկության հանդիպակաց կողմում: Աջ շրջադարձի ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է շարժվի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ: Նշվում է կառավարության N 955-Ն որոշուման մեջ:

Ըստ որի՝ շրջադարձը դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը հայտնվի աջ եզրային մասում: Այդ ընթացքում վերադասավորվելը թույլատրվում է, եթե վարորդը համոզված է, որ երթևեկությունը տվյալ ուղղությամբ թույլատրված է նաև այլ գոտիներով:

Եթե վարորդը տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով հնարավորություն չունի առանց կանոնների վերոնշյալ երկու կետի պահանջները խախտելու կատարել շրջադարձը կամ հետադարձը, ապա թույլատրվում է չպահպանել դրանք` խոչընդոտ չհանդիսանալով մյուս տրանսպորտային միջոցների համար և ապահովելով երթևեկության անվտանգությունը:

Խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվային, իսկ եթե երթևեկելի մասի ոչ բավարար լայնության պատճառով շրջադարձը կամ հետադարձը կատարում է ոչ եզրային գոտուց, ապա նաև համընթաց տրանսպորտային միջոցներին:

Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը, որին տրանսպորտային միջոց է մոտենում աջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել