Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստին Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:
Պատգամավորն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսվել ոչ թե հրապարակային կոչերի, այլ հրապարակային հայտարարությունը կամ կոչերի համար:
Նախագծով նշվում է, թե ինչպիսի գործողություններով են դրսևորվում կոչերը: Դրանք դրսևորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց դիմելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն: Կոչերի նպատակն է համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց արարքներին, մղել նրանց պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված արարքների կատարման:
Նախագծում կարդում ենք, որ հայտարարության տեսքով արված քննադատությունը չի կարող որակվել բռնության կոչ, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն` լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կիրառման: Վեճի առարկա դրույթների համատեքստում իրավունքի ամեն մի չարաշահում պետք է գնահատվի միայն ու միայն իրական սպառնալիքի և դրա կանխման անհրաժեշտության տեսանկյունից:
Կառավարությունը մեջբերելով մի շարք գիտական աշխատություններից հատվածներ և ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներ, եզրահանգել է, որ պատգամավորի առաջարկը պետք է մերժվի: