Իրավաբան.net-ին դիմած մի քաղաքացի երկու նույնաբովանդակ նամակներ է ուղարկել՝ մեկը ուղղված «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ-ին, մյուսը՝ Երևանի քաղաքապետարանին:
Քաղաքացին ստացել էր վարչական տույժի մասին որոշում և դրա հետ կապված ցանկանում էր ճշտել, թե արդյոք ենթադրյալ իրավախախտման փողոցում տեղադրված տեսախցիկները կառավարության որոշման համաձայն անցել են չափագրական ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկացիա, թե՝ ոչ:
Երևանի քաղաքապետարանից հարցմանն ի պատասխան նշեցին, որ տեղեկատվություն տնօրինողը «Փարքինգ Սիթի սերվիս»-ն է և իրենք նման ինֆորմացիայի չեն տիրապետում, ուստի առաջարկեցին դիմել նշյալ ՓԲԸ:
Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ «Փարքինգ Սիթի սերվիս»-ը հարցմանը պետք է պատասխաներ առավելագույնը 30 օրվա ընթացքում, սակայն ՓԲԸ-ն ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր պատշաճ պատասխան չի տվել:
Փոխարենը քաղաքացուն ընկերությունից արել են զավեշտալի առաջարկ՝ կրկին դիմել քաղաքապետարան: