Բոլորին էլ ծանոթ է այն իրավիճակը, երբ հարևանի, բարեկամի կամ անծանոթի կենդանին վնաս է հասցնում ուրիշի ունեցվածքին։ Սակայն վնասը կրած քաղաքացին, հաճախ չիմանալով իր իրավունքները և իր ապահանջների օրինական լինելը, չի պահանջում հատուցում:
Այժմ տեսնենք` ինչպիսի լուծումներ է տալիս այս հարցին ՀՀ քաղաքացիական օրնսգիրքը, և ո՞ր դեպքերում վնասը կրած քաղաքացին իրավունք ունի պահանջել հատուցում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10712-րդ հոդվածի համաձայն` կենդանու պատճառած վնասի հատուցման պարտականությունը կրում է այդ կենդանու սեփականատերը, բացառությամբ այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին հանձնված կենդանու կողմից պատճառված վնասի, որի դեպքում վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանուն տիրապետողը կամ օգտագործողը կամ խնամողը, եթե այլ բան նախատեսված չէ կենդանու սեփականատիրոջ և կենդանու օգտագործման, տիրապետման իրավունք ունեցող կամ խնամք իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով:
Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ կենդանու պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով:
Կենդանու օգտագործման, տիրապետման կամ խնամքի ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած կենդանու սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով:
Հասմիկ Գևորգյան
Իրավաբան.net-ի հանրային թղթակից