Քննադատելուց առաջ մտածեք, որ հսկայական աշխատանք է կատարված. գերմանացի դատավորը՝ Քրեական նոր օրենսգրքի նախագծի մասին

Քրեական օրենսգրքի նոր նախագիծը քննարկելիս, առավել ևս այն քննադատելիս պետք մի կարևոր հանգամանք նկատի առնել՝ այս նախագծի մեջ հսկայական աշխատանք է թաքնված: Այսօր նախագծի մասին քննարկման ժամանակ ասաց գերմանացի դատավոր, իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Հեննինգ Ռադկեն:

Տևական ժամանակ նա համագործակցել է նախագիծը մշակող աշխատանքային խմբի հետ: Իրավաբանի համոզմամբ՝ նախագիծն արդեն ամբողջական է, պարոն Ռադկեն անգամ կատակեց. «Եթե որևէ խնդիր տեսնեք նախագծի մեջ, վիճահարույց դրույթ, ապա իմացեք, որ դա իմ առաջարկն է, աշխատանքային խմբի մոտեցումները դժվար թե տարակարծության տեղիք տան»:

Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, խոսելով նախագծի մասին, կարևորեց դրա հիմնավորումները. «Արդարադատության նախարարությունում նման մի մոտեցում ենք որդեգրել՝ հիմնավորումները գրվում են այն նկատառումով, որ հետագայում, եթե իրավակիրառողը խնդիր ունենա կիրառության հետ կապված, նա այդ հիմնավորումների հետ փորձի հասկանալ օրենսդիրի մտադրությունը:

Եթե մենք պրակտիկայում որոշակի խնդիր ենք ունենում այս կամ այն իրավական ակտի կիրառության հետ կապված, իհարկե, առաջին միջոցներից մեկը՝ դատական պրակտիկային զուգահեռ, հենց հիմնավորումներն են, որովհետև հենց այդ ժամանակ ես կարողանում հասկանալ, թե այդ պահին որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորելու համար՝ ինչ նպատակով էր այս կամ այն ձևակերպումը տրված»,- շեշտեց պարոն Թաթոյանը:

Քրեական օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Արա Գաբուզյանը ներկայացրեց նախագիծը՝ դրանում առկա նորամուծություններով:

Օրինակ՝ նա անդրադառնալով սպանություններին, ասաց, որ Քրեական նոր օրենսգրքի սպանության ծանրացնող հանգամանքներից հանվել է երկու կամ ավելի անձի սպանությունը. «Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր անձի սպանություն, ինքնուրույն առանձին սպանություն է և առանձին հանցագործություն, որը պետք է առանձին որակվի, այս մոտեցման դեպքում պրակտիկայում առաջացող բոլոր խնդիրներն են կարծես թե լուծվում, որովհետև շատ մեծ դեպքերի տեղի է տալիս այն վեճերը, երբ անձը ցանկանում է 5 հոգու սպանել, երեքին սպանեց, մյուս երկուսին չկարողացավ, ես խոսում էի պրակտիկ աշխատողների հետ՝ նրանք արարքը այնպես են որակում, ինչպես մենք ենք գրում նախագծում»:

Պարոն Գաբուզյանի խոսքերով՝ Քրեական օրենսգրքում մանրամասն քննարկվել են մրցակցության հարցերը. «Նախատեսել ենք, որ եթե որևէ հանցագործություն նախատեսված է որպես մեկ այլ հանցագործության բաղկացուցիչ մաս, ապա այդ մասը կարող է առանձին որակվել, եթե նրա համար ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան այն հանցագործության համար, որի մասն է ինքը: Գործող պրակտիկայում բազմաթիվ վեճերի տեղիք են տալիս, օրինակ, սպանությունը զուգորդված մարդուն առևանգելու հետ, պետք է մարդուն առևանգելը առանձին որակվի, թե՝ ոչ: Կարծում ենք, որ նախագիծը կօգնի այս խնդիրները լուծելու համար»,- ասաց բանախոսը:

Ինչպես հաղորդում են արդարադատության նախարարությունից, ի թիվս շատ նորամուծությունների, Քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգում առաջարկվում է ընդլայնել պատժի համակարգը՝ նախատեսելով ազատազրկմանը այլընտրանք համարվող գործուն պատժամիջոցներ՝ տնային կալանք, ազատության սահամանափակում, հանրային իրավունքներից զրկում, ծնողական իրավունքներից զրկում, օտարերկրյա քաղաքացու ՀՀ տարածքից վտարում:

Նա նաև շեշտեց, որ նոր օերնսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև իրավաբանական անձանց համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել