Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնին նշանակելը փաստաբան Նորայր Նորիկյանը ռիսկային է որակում:
«Եթե նկատի ունենք Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ապա ենթադրյալ բարեփոխումների նախագծի ենթադրյալ ընդունումից հետո Հայաստանը պետք է մի շարք փոփոխություններ իրականացնի, գրեթե ամբողջ օրենսդրական բազայում հարկավոր է կատարել ահռելի աշխատանքներ, փոփոխություններ, որոնք պետք է համապատասխանեցնեն նոր Սահմանադրության պահանջներին ու դրույթներին: Այս պարագայուն նման ընտրությունը, տա Աստված, որ սխալված լինեմ, բայց կրկնում եմ` ռիսկային է»:
Մեր այն դիտարկմանը, որ Արփինե Հովհաննիսյանը օրենսդիր է, ունի իրավաբանական կրթություն և փորձ, փաստաբանն ասաց. «Օրենսդիր գործունեությունն ունի իր առանձնահատկություններն, իսկ գործադիր իշխանությունն իր հերթին ունի բոլորովին այլ առանձնահատկություններ: Հաշվի առնելով այն ոլորտը, որի ղեկավար է նշանակվել ընդամենը 32 տարեկան կինը, որոշակի մտավախություն իր մեջ պարունակում է այն առումով, որ համակարգում կան լրջագույն խնդիրներ, առկա են այնպիսի պաշտոնյաներ կամ այնպիսի ծառայություններ, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում դուրս են գտնվում Արդարադատության նախարարության վերահսկողությունից: Եթե նոր նախարարն այնպիսի հավակնություն ունի, որ պատրաստ է համակարգում առկա խնդիրները լուծել, ապա սա միայն ողջունելի է, իսկ գնահատականը կտվի ժամանակի ընթացքում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ամենակարևորն, ըստ նրա, հարկավոր էր մեկ ու կես ամիս նախարար չունենալու պարագայում հանրությանը տալ պարզաբանում, թե ինչպիսի հանգամանքների վերլուծության արդյունքում է որոշվել, որ նախարար պետք է նշանակվի հենց Արփինե Հովհաննիսյանը:
Իսկ թե ինչո՞ւ նշանակվեց հենց Արփինե Հովհաննիսյանը, նա ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ կարևոր պահանջներն են հաշվի առնվել, այնուամենայնիվ ժամանակը ցույց կտա, թե ինչ գործոնների հաշվարկման արդյունքում է նման որոշում կկայացվել: Մի բան եմ ցանկանում` այն ինչ ունենք չվատա, իսկ ոլորտի բարելավման պարագայում, միայն կողջունեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը: