ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 80-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս որդուն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քաղաքացի Ա.Նազարյանը հաղորդում էր տվել, որ «Շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ տառապող իր եղբայրը շուրջ մեկ ամիս թույլ չի տալիս մտնել իր հայրական տուն և տեսակցել 80-ամյա մորը:
2015թ. օգոստոսի 28-ին Ա.Նազարյանը ոստիկանության աշխատակիցների օգնությամբ այցելել էր հայրական՝ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 154-րդ տուն, որտեղ տանը կից ավտոտնակի հորի միջից հայտնաբերվել էր 80-ամյա Արաքսյա Անուշավանի Հարությունյանի դիակը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Նշանակվել է դատահողագիտական և դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հարությունյանի որդուն՝ Հ.Նազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
2015թ. օգոստոսի 31-ին 80-ամյա կնոջ որդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հ.Նազարյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար, ինչպես նաև՝ նրա մարմնի վրա վնասվածքների առկայությունը պարզելու համար՝ դատաբժշկական փորձաքննություններ: Նա տեղափոխվել է «Նորք հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: