«Վաճառքի ենթակա չէ». Նման գրության կարող ենք հանդիպել դպրոցական մի շարք դասագրքերի վրա, մինչդեռ արտահայտության առկայությունը շատ դեպքերում անգամ չի էլ բացառում գրքերի վաճառքը:
Սկսենք նրանից, թե ինչպե՞ս են դասագրքերը հասնում դպրոցներ
Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում մանրամասնեց, որ դպրոցները նախապես ներկայացնում են անհրաժեշտ գրքերի հայտեր, որոնց հիման վրա էլ դպրոցներին գրքեր են տրամադրվում:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ քանակությամբ գրքեր չեն լինում, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց.
«Չի լինում նման բան. ինչ հայտ ստանում ենք, մենք այդքան գիրք էլ ուղարկում ենք»:
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ դպրոցը հայտը պակաս ներկայացրած լինի, բայց այդ դեպքում էլ խնդիրը լուծվում է. դպրոցն անհրաժեշտ քանակությամբ գրքեր վերցնում է մեկ այլ դպրոցից, որտեղ առկա տվյալ գրքի ավելցուկ. այլ կերպ ասած՝ դպրոցները համագործակցում են միմյանց հետ:
Դասագրքերի վաճառքի կենտրոններում եռուզեռ է. աշակերտների ծնողները ստիպված են գնել վաճառքի համար անթույլատրելի դասագրքեր
Մինչդեռ դասագրքերի վաճառքի կենտրոններում աշակերտների ծնողները շտապում են գնել դասագրքեր, որոնք ոչ միայն վաճառքի ենթակա չեն, այլև դպրոցների կողմից պետք է նախապես տրամադրվեին աշակերտներին :
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրին առնչվել է դեռ 2012 թվականին: Նրա խոսքով՝ դեռ տարիներ առաջ տարբեր հանդիպումների ժամանակ շատ ծնողներ հայտնել են իրենց դժգոհությունը այս առնչությամբ ու շեշտե, որ ստիպված են գնել վաճառքի ոչ ենթակա դասագրքեր:
Հասկանալու համար, թե իրականում ովքեր են պատասխանատու գրքերի անթույլատրելի վաճառքի համար, և արդյոք կա՞ վերահսկողություն ոլորտում, Իրավաբան.net-ը դիմեց ԿԳՆ:
Հետաքրքիր է, որ մեր հարցմանն ի պատասխան ստացանք մի գրություն, ինչպիսին, Մարատ Ատովմյանի խոսքով, Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը ստացել էր դեռ 2012 թվականի նոյեմբեր ամսին:
Այսպես՝ պատասխանում ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը նշում է, որ պետական բյուջեով տպագրվող 1-4-րդ դասարանների դպրոցական դասագրքերի հրատարակումն ու բաշխումն իրականացվում է կրթության պետական լիազորված մարմնի կողմից:
«Կրթության և գիտության նախարարության և դասագրքերի հրատարակիչների հետ կնքվող պայմանագրի պարտադիր պայման է՝ պետական բյուջեով տպագրվող դասագրքերի կազմի տեսանելի մասում կատարել հատուկ նշագրում՝ «Վաճառքի ենթակա չէ»: Պետբյուջեով տպագրված դասագրքերի ողջ խմբաքանակը հրատարակիչները հանձնում են ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին, որից հետո, ըստ նախնական հայտերի, դասագրքերը տրվում են դպրոցներին»,-նշված է ԿԳՆ-ի կողմից պատասխան գրության մեջ:
Մինչդեռ վաճառքի կենտրոններում գնորդ ծնողների մի մասը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ գրքեր գնում են, քանի որ երեխաներին չի հասել ռուսերենի և անգլերենի ձեռնարկներ (Պուշկինի անվան դպրոց), մյուսներն էլ նշեցին, որ գրքերն այնքան հին են ու մաշված, որ օգտագործման ենթակա չեն, դրա համար էլ ստիպված են այլ տարբերակներով ձեռք բերել դրանք:
ԿԳՆ-ից նաև պատասխանեցին, որ հրատարակիչներն իրավունք ունեն տվյալ դասագրքերը տպագրել նաև ձեռնարկատիրական նպատակով՝ վաճառքի համար, որոնց վրա պետք է նշագրված չլինի «Վաճառքի ենթակա չէ» գրությունն, ու կազմի գույնը պետք է տարբերվի պետբյուջեով տպագրված դասագրքերի գույներից: Մեզանից պահանջվեց ընդամենը 5 րոպե գրքերի վաճառքով զբաղվող առաջին իսկ կետում գտնելու դասագիրք, որի վրա առկա էր «Վաճառքի ենթակա չէ» արտահայտությունը:
Դասագրքերի վաճառքի սև շուկա
Փաստաբան Մարատ Ատովմյանը, հայտնելով խնդրի առնչությամբ իր մտահոգությունը, նշում է, որ պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում.
«Դա կարող է լինել լիազորությունների պակաս, դրանց ոչ լիարժեք իրականացում, կամ շահագրգռվածություն, որպեսզի համակարգը մնա այնպիսին ինչպիսին, որ կա: Դժվար է ասել, թե սա որ օղակի բացթողումն է, բայց պարզ է, որ այս ամենի հետևանքով ձևավորվում է դասագրքերի վաճառքի սև շուկա»:
Մարատ Ատովմյանը չի բացառում նաև այն, որ գուցե արհեստական ստեղծվում է այն վիճակը, որ ծնողներն ուղորդվեն դեպի գրախանութներ ու որոշակի գումարի դիմաց ձեռք բերեն այն գրքերը, որոնք աշակերտները պետք է դպրոցներից ստանային անվճար:
Վերջում նշենք, որ ԿԳՆ-ն մեզ ուղարկված պատասխանում հստակ նշել էր, որ Շուկայում «վաճառքի ենթակա չէ» նշագրումով դասագրքերի վաճառքի մասին ՀՀ ԿԳՆ ահազանգ չի ստացել :
Զառա Մանուչարյան