Վահե Ավետյանի գործով կստեղծվի հանրային արդարության տրիբունալ․ (ֆոտոալբոմ)

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց իրենց կողմից պատրաստված հայտարարությունը, ըստ որի` պահանջում են Վահե Ավետյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը դատարանի կողմից վարույթ չընդունել, ընթացք տալ տուժողների ներկայացուցիչների միջնորդություններին և սկսել նոր քննություն:
«Քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ ՀՀ իրավապահ մարմինները, այդ թվում` Ոստիկանությունը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը և Գլխավոր դատախազությունը իրենց ակնհայտ, գիտակցված և կանխամտածված անգործությամբ, չկատարելով Սահմանադրությամբ և քաղաքացիների առջև օրենքով սահմանված իրենց պարտավորությունները, լիազորությունները, իրենց դուրս են դրել Սահմանադրությունից և հանդես են գալիս ոչ իրավական կառույցներ»,- նշեց Զարուհի Հովհաննիսյանը:
Վերջինս փոխանցնեց, որ իրենք և «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը` ի դեմ Գարեգին Չուքազյանի, սատարում են Վահե Ավետյանի մահվան հանգամաների բացահայտմամբ զբաղվող փաստաբաններ Լուսինե Հակոբյանին և Տիգրան Եգորյանին:
«Սույն գործի մինչդատական վարույթն ընթացել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ, կոպտագույն խախտումներով, մեզ` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներիս առջև հետևողականորեն հարուցվել են լրջագույն խոչընդոտներ վարույթին ներգրավվելու, գործին ծանոթանալու, դրա վերաբերյալ մեր միջնորդությունները ներկայացնելու և նախաքննության փուլում պատշաճ մասնակցություն ունենալու հարցերում: Ցանկանում ենք ևս մեկ անգամ հաստատել, որ պայքարելու ենք այս ապօրինությունների դեմ մինչև վերջ` ներպետական և վերպետական բոլոր ատյաններում օգտագործելով ՀՀ և միջազգային օրենսդրությամբ մեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները հանուն արդարության և օրենքի գերակայության»,- ասում է Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք օգոստոսի 20-ին 20-ից ավելի միջնորդություններ են ներկայացրել նախաքննություն իրականացնող մարմնին, սակայն քննիչ Ռուբեն Մկրտչյանը ամբողջությամբ մերժել է միջնորդությունը:
«Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքազյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ` նշելով հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտության հարցը, որի նպատակն է լինելու իրազեկել այս գործին վերաբերող իրական ընթացքի մասին:
Տեղեկացրին, որ առաջիկայում կհրավիրվի հանրային ֆորում, որի ընթացքում առավել մանրամասն կքննարկվի հանրային արդարաթյան տրիբունալի ստեղծման հարցը: Ասուլիսին ներկա ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ այսօր Հայաստանում երևի չկա մեկը, ով կասի, թե ինքը վստահում է իրավապահ մարմինների և դատաիրավական համակարգին:

Հիշեցնենք, որ քրեական գործն արդեն ուղարկվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 


Նունե Հովսեփյան


Հ.Գ.

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչների օգոստոսի 20-ին նախաքննություն իրականացնող մարմնին ներկայացրած միջնորդության կոնսպետկ տարբերակը Իրավաբան.net-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը:

Միջնորդություն
Թիվ 17115012 քրեական գործի վերաբերյալ
Հարգելի պարոն Մկրտչյան,
Այս տարվա օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը հայտարարել է թիվ 17115012 քրեական գործի մի մասով նախաքննության ավարտ: Մեզ` տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի ներկայացուցիչներիս, տրամադրվել է մեկ օր ժամանակ` գործին ծանութանալու և միջնորդություններ ներկայացնելու համար: Ժամկետը երկարաձգելու մասին` մեր սույն թվականի օգոստոսի 9-ին ներկայացված միջնորդությունը օգոստոսի 10-ին գրավոր մերժվել է, իսկ այնուհետև, մի քանի ժամ անց, բավարարվել և մեզ տրամադրվել է ևս հինգ աշխատանքային օր` գործին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար: Այդուհանդերձ, մենք օգոստոսի տասին նախաքննության մարմնին ենք ներկայացրել գործի վերաբերյալ ըստ էության միջնորդություն, որի պատասխանն առ այսօր չենք ստացել: Այնուհետև, սույն թվականի օգոստոսի քսանին ներկայացրել ենք գործով մեր նոր միջնորդությունը, որով վեր ենք հանել նախաքննության ընթացքում տեղ գտած մի շարք այլ լուրջ բացթողումներ և սխալներ` ակնկալելով, որ նախաքննության մարմինը կդրսևորի գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու կամք և կբավարարի այն:
Այսպես` քննիչի կողմից առգրավվել է “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տեսաձայնագրման համակարգին միացված համակարգչի պրոցեսորը, սակայն որևէ գործողություն չի կատարվել պարզելու համար, թե արդյոք այդ պրոցեսորը եղել է այն միակ հնարավոր կրիչը, որի վրա կարող էր պահպանվել հանցագործության տեսաձայնագրությունը: Չի կատարվել լիարժեք զննություն ռեստորանային համալիրի տարածքում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղակայված եղել տեսախցիկները, որոնց առկայությունը ճշտելու վերաբերյալ հարցերին վկաներ Խաչատուր Սարգսյանը և Կարլեն Ստեփանյանը հայտնել են, որ ռեստորանային համալիրի տարածքում եղել են տեսախցիկներ:
Այս կապակցությամբ միջնորդել ենք՝
1. կատարել “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքի ամբողջական զննութուն՝ պարզելու, թե որտեղ են տեղակայված եղել տեսախցիկները կամ հանցագործության դեպքից հետո տեսախցիկներն ապամոնտաժելու դեպքում, որ մասում են դրանք տեղակայված եղել,
2. առգրավել ռեստորանային համալիրում եղած բոլոր պրոցեսորները և արդեն իսկ առգրավված պրոցեսորի հետ մեկտեղ նախ դրանք ճանաչել որպես իրեղեն ապացույց, ապա անհապաղ ներկայացնել մասնագետներին՝ պարզելու, թե արդյոք այդ կրիչների վրա պարունակվում են դեպքի օրվա տեսաձայնագրության ֆայլեր, իսկ դրանց բացակայության դեպքում պարզել՝ արդյոք դրանք չէին կարող ջնջված լինել էլեկտրոնային կրիչներից:
3. բացի այդ նաև համեմատական ստուգման ենթարկել առգրավված պրոցեսորի ժամանակագրական կարգավորումների և իրական ժամանակի միջև առկա տարբերությունները:
2. Ինչ վերաբերում է դեպքի վայրի զննությանը, ապա, ըստ զննության արձանագրության, այն կատարվել է 19.08.2012թ. և բացակայում են գրառումներ արյան հետքերի առկայության վերաբերյալ, այնինչ տուժողների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից երևում է, որ նրանցից առնվազն երեքը ստացել են քթի կոտրվածք, ինչի առկայության պարագայում բավական մեծ քանակի արյան արտահոսք է լինում, սակայն արյան հետքերի բացակայությունը վարույթ իրականացնող մարմնի մոտ ոչ մի կասկած չի առաջացրել առ այն, որ դրանք հնարավոր է, որ դիտավորյալ վերացված լինեն: Այս պարագայում ևս ակնկալվում էր անհապաղ անդրադարձ այդ փաստին՝ հաշվի առնելով դեպքի վայրի պահպանության օրենսդրական պահանջը, ուստի միջնորդել ենք փաստի առթիվ համապատասխան քրեական գործ հարուցել (ՀՀ քր. օր. 334 հոդված):
3. Համաձայն Ռուբեն Հայրապետյանի` 6.07.2012թ. տված ցուցմունքի` նա 2012թ. հունիսի 17-ին գտնվել է Սևանում և այնտեղից վերադառնալուց հետո, ժամը 19.00-մոտակայքում կարճատև ժամանակահատվածով գտնվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, իսկ այնուհետև` ՀՖՖ-ի «Տեխնիկական կենտրոն Ակադեմիայում», որը նույն “Հարսնաքարի” տարածքում է: Վիվասել-ի տրամադրած հեռախոսային վերծանումներից` տվյալ հեռախոսային օպերատորի ալեհավաքները ցույց են տալիս, որ նույն օրը, կեսօրին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի, այսպես կոչված, աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Գարիկ Մարգարյանը նույնպես կեսօրից, մոտ ժամը 14.00-ից մինչև մոտ ժամը 19.00 գտնվել են Սևանում` ենթադրաբար այնտեղ ուղեկցելով Ռուբեն Հայրապետյանին: Ըստ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքի նա դեպքի ժամին գտնվել է ՀՖՖ ակադեմիայում, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռ. Հայրապետյանը դեռ գտնվում էր ՀՖՖ ակադեմիայում՝ ապա Ն.Հայրապետյանը և նշված անձինք նույնպես ենթադրաբար գտնվել են այնտեղ, քանի որ հանդիսանում էին Ռ. Հայրապետյանի, այսպես կոչված, թիկնապահները: Բացի այդ, այն, որ Ա.Բաբլոյանն ու Ա.Խաչատրյանն ուղղակիորեն հանդիսանում էին Ռ. Հայրապետյանի թիկնապահները, փաստվում է նաև մեղադրյալ Դավիթ Ադամյանի ցուցմունքով: Ռուբեն Հայրապետյանի առնչությունն այս հանցագործությանը պետք է կասկածի տակ դրվեր հենց այն հանգամանքի բերումով, որ նույնիսկ իր անձնական թիկնազորի անդամ հանդիսացող Գարիկ Մարգարյանին ուղղված Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրահանգ ունենալու և Ռուբեն Հայրապետյանի կողմից Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու պահին «Հարսնաքար» համալիրում գտնվելու վերաբերյալ հարցին` Գ. Մարգարյանն ուղղակիորեն հրաժարվել է պատասխանել: Եթե Ռ. Հայրապետյանն իրապես առնչություն չուներ այս հանցագործությանը, ապա ինչն էր խանգարում նրա «զինվորներից» մեկին հերքել այդ առնչությունը:
Առնվազն տարակուսելի է, թե ինչպես իրենց քննչական պաշտոնի էլիտան համարող ՀԿԳ քննության վարչության քննչական խումբը` Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ, Ռուբեն Հայրապետյանին հարցաքննելիս, հարց չեն տվել վերջինիս, թե ինչպես կարող էին «Հարսնաքարում» որպես անվտանգության աշխատակիցներ և վարորդ-առաքիչ ձևակերպած անձինք այդպես հեշտորեն անտեսել ռեստորանի անվտանգությունը և Ռուբեն Հայրապետյանի հետ միասին ճամփորդել Սևան և վերադառնալ: Ի լրումն սրա` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մի շարք աշխատակիցների ցուցմունքներից ակնհայտ է դառնում, որ նրանք չեն ճանաչում մեղադրյալներ Ա.Խաչատրյանին, Ա.Բաղդասարյանին, Ա.Բաբլոյանին, Ն.Հայրապետյանին և Գ.Մարգարյանին որպես ռեստորանի անվտանգության աշխատակիցներ: Հաշվի առնելով այս հանգամանքները` գտնում ենք, որ կան հիմնավոր կասկածներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ հիշյալ անձինք չեն հանդիսանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները, այլ` Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահները, որպիսի կարգավիճակով էլ նրանք ուղեկցել են վերջինիս Սևան և Սևանից վերադառնալուց հետո նույնպես վերջինս տեղաշարժվել է վերոհիշյալ հինգ և գուցեև ավելի անձանց ուղեկցությամբ և, հակառակ իր պնդումների, առնվազն տեղյակ է եղել դեպքի մանրամասներին:
Այս կապակցությամբ միջնորդում ենք սույն գործով որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի վերջո հաճախորդներին ծեծի ենթարկելու հետ կապված չափազանց պատասխանատու հարցերը ակնհայտորեն կարող են լուծվել միայն սեփականատիրոջ բարձր հովանու ներքո, և նրա հեռախոսային համարների վերծանումները ստանալու միջնորդություն հարուցել դատարան, նրան և գործով մեղադրյալներին հարցաքննել այս հարցերի կապակցությամբ:
Ի լրումն սրա` գործում առկա, այսպես կոչված, աշխատանքային պայմանագրերից` կնքված «Հարսնաքարի» տնօրեն Հրաչ Զոհրաբյանի և մեղադրյալների միջև ակնհայտ է դառնում, որ պայմանագրերն իրականում կազմված են հետին թվով, դրանց վերջում առկա ստորագրություններն ակնհայտորեն կեղծված են և խիստ տարբեր դատավարական փաստաթղթերում առկա` մեղադրյալների իրական ստորագրություններից: Համոզված ենք, որ կեղծ պայմանագրերը կցված են գործին` թաքցնելու այն հանգամանքը, որ առնվազն Ռուբեն Հայրապետյանին Սևան ուղեկցած հինգ անձինք չեն հանդիսանում «Հարսնաքարի» աշխատակիցներ:
Հաշվի առնելով վերոգրյալը` միջնորդում ենք որոշում ընդունել դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու համար թե իրականում ում են պատկանում այդ պայմանագրերում դրված ստորագրությունները և թե ինչ վաղեմություն ունեն այդ պայմանագրերը: Համոզված ենք, որ փորձաքննությամբ կպարզվի, որ այդ պայմանագրերում առկա` մեղադրյալների ստորագրությունները կեղծված են (հանգամանք, որը բացառված է, որ պրոֆեսիոնալ քննիչը նկատած չլիներ), և անհրաժեշտություն կառաջանա առգրավել «Հարսնաքար» ռեստորանի վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանները և այդ անձանց` ռեստորանային համալիրի աշխատակիցներ լինել-չլինելու հանգամանքի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ պահանջել սոցիալական ապահովության պետական ծառայությունից և հարկային մարմիններից:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համաձայն քրեական գործում առկա ցուցմունքների՝ հանցագործությանը մասնակից անձանց մի մասը հանցագործության վայր է կանչվել կամ եկել ՀՖՖ ակադեմիայից, ապա առնվազն տարօրինակ է, որ նախաքննության մարմնի կողմից առ այսօր ձեռք չեն բերվել ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի տարածքում տեղակայված տեսաձայնագրիչ սարքերի տեսագրությունները, որոնցով կփաստվեր և կորոշակիացվեր այն անձանց շրջանակը, որոնք հանցագործության վայր են գնացել նույն շենքում գտնվող մարզադահլիճից:
Այս կապակցությամբ միջնորդում ենք, որպեսզի նախաքննության մարմնի կողմից ձեռք բերվեն այդ տեսագրությունները և կատարվի դրանց վերծանումը:
Հեռախոսահամարների նույնականացման հետ կապված իրողությունը զավեշտալի է նաև այն իմաստով, որ կասկածյալ, իսկ հետագայում նաև մեղադրյալ անձանց կողմից օգտագործված հեռախոսահամարները ճշտվել են ոչ այլ կերպ, քան հենց այդ անձանց կատարած հայտարարությունների և նրանց մոտ հայտնաբերված համարների վրա:
Այս առնչությամբ նախաքննության մարմնին միջնորդում ենք պարզել,
1. թե որ հեռախոսահամարներն են պատկանում Դավիթ ԴՎՍ ՍՊԸ-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիային,
2. օրենքով սահմանված կարգով ձեռք բերել վերոհիշյալ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց դեպքի օրվա և դրան նախորդող ու հաջորդող օրերի դրությամբ հեռախոսազանգերի (մուտքային և ելքային) վերծանումները,
3. թե սույն գործով մեղադրյալներին ի՞նչ հեռախոսահամարներ են պատկանում առհասարակ, և այն դեպքում, եթե այդ հեռախոսահամարների զանգերի վերծանումները սույն գործով առկա չեն, օրենքով սահմանված կարգով պահանջել և ստանալ դրանք,
4. առաջարկել Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի նա ինքը կամավոր ներկայացնի իրեն պատկանող և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարների վերծանումները՝ հանցագործության օրվա և դրան հաջորդող օրերի դրությամբ
4. Գործի նյութերից նաև պարզ է դառնում, որ գործով ներգրավված մեադրյալների հեռախոսահամարներից հանցագործության կատարման ժամանակահատվածում (ժամը 22:19-ից մինչև 22:22-ը) ելքային զանգեր են կատարվել գործով ներգրավված վկաներին, որոնցից և ոչ մեկը չի հիշում այդ հեռախոսազանգերի բովանդակությունը: Մասնավորապես`
1. Վկա Արթուր Մանուկյանի հարցաքննության արձանագրությունից պարզ է դառնում, որ 2012 թվականի հունիսի 17-ին ժամը 22:19 Արման Բաղդասարյանի 094-05-15-17 հեռախոսահամարից ելքային հեռախոսազանգ է կատարվել վկա Ա.Մանուկյանի 077-80-08-80 հեռախոսահամարին` 04 վայրկյան տևողությամբ: Նա պնդում է, որ կապն ընդհատվել է, հեռախոսազանգը տևել է 04 վայրկյան, և զրույց տեղի չի ունեցել: Վկան նաև նշում է, որ հեռախոսազանգին կարևորություն չի տվել, քանի որ մտածել է, թե մեղադրյալն իրեն սխալ է զանգել: Նախաքննության մարմինը չի պարզել, թե արդյոք մեղադրյալի զանգը սխալ էր, թե ոչ, և թե արդյոք իսկապես խոսակցություն չի եղել նրանց միջև:
2. Նշենք, որ վկաների ցուցմունքների արձանագրություններում նկատվում է վերոնշյալ «չի հիշում, քանի որ մեջը տպավորված կլիներ» արտահայտությունը: Տարակուսանք է առաջացնում վկաների ցուցմունքներում արտահայտվությունների նմանությունը:
Այդ կապակցությամբ միջնորդում ենք դրսևորել պաշաճ ջանադրություն և լրացուցիչ քննչական գործողություններ կատարել վկաների ցուցմունքների արժանահավատությունը ստուգելու և հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը պարզելու համար:
5. Հարցաքննությունների ընթացքում թույլ տրված բացթողումների առումով բերենք մի քանի կոնկրետ օրինակներ, որոնք քրեական գործում բազմաթիվ են և ուղղակիորեն խոսում են իրականացված մակերեսային քննության մասին: Այսպես՝ Հայկ Ազատիկյանը, ոչ մշտական մատուցող, որին աշխատանքի են կանչում հարկ եղած դեպքերում, որն ըստ իր ցուցմունքի, այս տարվա հունիսի 17-ին սպասարկել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահի վերջնամասի սեղանները, նշում է որ Դավիթ Ադամյանի հետ բացօթյա սրահի սկզբի սեղանները սպասարկում էր մեկ այլ մատուցող՝ Բագրատ Հարությունյանը, որի մասնակցությամբ տեղի ունեցած խոսակցությունից ինքն իմացել է դեպքի մասին, այնուհետև ավելացնում է, որ Բագրատ Հարությունյանը մոտ մեկ ամիս առաջ, այսինքն դեպքից մի քանի օր անց, մեկնել է ՌԴ և ինքը չգիտի թե որ քաղաք և ինչ նպատակով և թե երբ է վերադառնալու: Այս դեպքում ևս քննիչի հետաքրքրության դաշտից դուրս են մնում այնպիսի հարցեր թե կոնկրետ ում հետ ավելի մտերիմ հարաբերություններ ունի Հայկ Ազատիկյանը, ով է նրան կանչում աշխատանքի, կոնկրետ ինչ էր պատմում դեպքի վերաբերյալ Բագրատ Հարությունյանը, արդյոք ինչ պատճառներ ուներ նա ՀՀ-ից մեկնելու, եթե հանդիսանում էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մշտական աշխատակից: Բագրատ Հարությունյանի վերաբերյալ հարցեր չեն տրվում նաև այլ վկաների:
Հետաքրքրարժան է, որ հակառակ Արման Խաչատրյանի և մատուցող Դավիթ Ադամյանի ցուցմունքների այն մասին, որ Արման Խաչատրյանը Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցն է, գործում առկա են գրություններ գրված ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պետ Վահագն Հարությունյանի և նույն վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանի կողմից` թվագրված 19.06.2012թ., որով վերջիններս, չունենալով և ոչ մի հիմք, անհասկանալի պատճառներով որոշում են, որ «Կյաժ» մականունով Արման Խաչատրյանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից է: Ի լրումն սրա` մեղադրյալ Արման Բաղդասարյանն իր ցուցմունքում հայտարարում է, որ ինքը վարորդ է, մինչդեռ նույն Հրաչ Զոհրաբյանի հետ ունի պայմանագիր, որտեղ նշված է, որ ինքն ընկերության անվտանգության աշխատակից է:
Ավելին` մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի և Արթուր Բաբլոյանի կողմից օգտագործված Beeline համարների վերծանումներից պարզելով, որ նրանց հեռախոսահամարներից զանգեր են արվել մեղադրյալ Նորայր Հայրապետյանին պատկանող 091 208566 հեռախոսահամարին` նախաքննության մարմինը հարկ չի համարել միջոցներ ձեռնարկել ստանալու նաև այս հեռախոսահամարի վերծանումը: Նույն ոգով նաև անուշադրության են մատնվել մեղադրյալ Արթուր Բաբլոյանի կողմից այս տարվա հունիսի 19-ին առավոտյան 11:47 Ռուբեն Հայրապետյանի բնակության հասցեով (Բաբաջանյան 1) գրանցված 623190 համարին կատարված զանգը:
6. Խաչատուր Ստեփանյանը և Կարլեն Ստեփանյանը, լինելով ռեստորանային համալիրի պահակները, չեն նկատել համալիրի տարածքում, ըստ որոշ ցուցմունքների, մինչև 15 րոպե տևած տուժողների ծեծը, որը, ըստ որոշ ցուցմունքների, իրականացվել է 10-15 հոգու կողմից՝ 4 հոգու նկատմամբ: Բացի այդ, վկա Սամվել Սիրեկանյանի ցուցմունքում, վկա Արթուր Գրիգորյանի, վկա Մամիկոն Հարությունյանի, վկա Արթուր Մանուկյանի, վկա Միքայել Ավանեսյանի, վկա Աշոտ Սնջոյանի ցուցմունքներում բոլորը միաբերան պնդում էին, որ մեղադրյալների կողմից իրենց հեռախոսահամարներին եկած զանգերով մեղադրյալները զանգել էին տեղեկացնելու, որ կամ ոչինչ չի եղել (որքան էլ որ տարօրինակ է հնչում), կամ էլ, որ նրանք ինչ-որ ֆուտբոլային խաղ պետք է դիտեին:
Մեծ հավանականությամբ այս վկաներն ուղղակի առնչություն կարող էին ունենալ հանցագործության կատարմանը և կարող էին հանցագործության կատարման վայր կանչված լինել մեղադրյալների կողմից:
Այս կապակցությամբ նախաքննության մարմնի կողմից որևէ գործողություն չի կատարվել, որի առնչությամբ միջնորդում ենք նշված անձանց՝ հանցագործությանը մասնակից լինելու հանգամանքը պարզելու համար նրանց լրացուցիչ հարցաքննել, ինչպես նաև այդ հանգամանքը բացահայտելու նպատակով համապատասխան առարկայական հանձնարարություններ կատարել հետաքննության մարմնին:
Հույժ կարևոր ենք համարում նշել, որ մեր վստահորդներից Էդգար Նիկոյանը, կատարված փաստաբանական հարցման ընթացքում դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում, որոնցով տալիս է նաև համապատասխան նկարագիր մի անձի, որն ըստ իր գործողությունների վերլուծության կարող էր անմիջական մասնակցություն ունենալ դեպքին, սակայն դուրս է մնացել նախաքննություն իրականացնող մարմնի տեսադաշտից:
Ուստի այս կապակցությամբ միջնորդում ենք վարույթ իրականացնող մարմնին վերսկսելով նախաքննությունը համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումների հանձնարարականներ կազմել վերոնշյալ անձին բացահայտելու նպատակով:
Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ տուժող Արկադի Աղաջանյանի ցուցմունքում նա երկու անգամ նշում է, որ իրեն ինչ-որ մեկը թևանցուկ է արել և տարել դեպի ավտոկայանատեղի, սակայն քննիչն կրկին հարկ չի համարել լրացուցիչ հարցադրում կատարել այդ անձին նկարագրելու մասին:
7. Սույն քրեական գործում նախաքննության մարմնի կողմից թույլ տված ամենամեծ բացթողումը և սխալը հանդիսանում է այն, որ առ այսօր նախաքննության մարմնի կողմից չի պարզվել՝ ով է Վահե Ավետյանին հասցրել մահվան պատճառ հանդիսացող հարվածը (հարվածները): Ամբողջությամբ նույնանման մեղադրանքներ են առաջադրվել բոլոր մեղադրյալներին, և առաջադրված մեղադրանքներից որևէ մեկից չի հասկացվում, թե կոնկրետ նշված մեղադրյալներից որ մեկը ինչ գործողություն է կատարել այդ պահին, ով է հասցրել ինչպիսի վնասվածքներ և արդյունքում ով է մարդասպանը: Եթե նախաքննության մարմինն ունի այն դիրքորոշումը, որ մեղադրյալներից յուրաքանչյուրի գործողությունների արդյունքում է մահ պատճառվել Վահե Ավետյանին, ապա նրանցից յուրաքանչյուրը պետք է մեղադրվեր առնվազն սպանություն կատարելու համար, այլ ոչ՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու:
Մարդասպանների առանձին դաժանության և, մասնավորապես` նրանց կողմից Վահե Ավետյանի մահը որպես ցանկալի հետևանքներից մեկը համարելու մասին է վկայում նաև այն փաստը, որ նրանք իրենց կարծիքով մեռած կամ մահվան շեմին գտնվող անձին և նրա ծեծված ընկերներին թողել են անօգնական վիճակում ու հեռացել:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի.
1. Նախաքննության մարմնի կողմից հստակեցվի և որոշակեցվի, թե ով է հասցրել Վահե Ավետյանին մահացու վնասվածքը կամ վնասվածքները և ինչ եղանակով:
2. Բացի այդ, Վահե Ավետյանին մահացու վնասվածք կամ վնասվածքներ հասցնողները պետք է մեղադրվեն սպանություն կատարելու մեղադրանքով:
3. Նախաքննության մարմնի կողմից պետք է վերականգնվի հանցագործության կատարման ողջ պատկերը՝ հստակ նկարագրելով հանցագործության մեջ մեղավոր յուրաքանչյուր անձի գործողությունները և նրան առաջադրվի նրա արարքին համապատասխանող քրեաիրավական մեղադրանք:
4. Որոշում կայացնել մեղադրյալներին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ, ինչի հետևանքով հնարավոր կլինի պարզել նրանցից յուրաքանչյուրի հոգեկան հատկանիշները, ինչը և կօգնի բացահայտել Վահե Ավետյանին սպանած անձին կամ անձանց:
5. Ելնելով վերոգրյալի կարևորությունից` անհրաժեշտ ենք համարում նշել, որ անհրաժեշտ էր նշանակել նաև համապատասխան կենսաբանական (մասնիկաբանական) փորձաքննություն տուժողների և մեղադրյալների հագուստի վրա առկա միկրո մասնիկների առկայությունը պարզելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ավելի որոշակիացնել թե կոնկրետ ով ում է հպվել վիճաբանության և ծեծի ընթացքում, ուստի միջնորդում ենք նշանակել նաև այդ փորձաքննությունը:
8. Տվյալ գործով տարակուսելի է նաև Վահե Ավետյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի «Հետևություններ» բաժնում արձանագրված է. «նման վնասվածքները կենդանի անձանց մոտ սովորաբար համարվում են` առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, իսկ տվյալ դեպքում` բերել են մահվան»: Ոլորտի լրջագույն մասնագետների հավաստմամբ` Վահե Ավետյանի մոտ ծեծից անմիջապես հետո առկա է կյանքի հետ անհամատեղելի վնասվածք, որը խոսում է բոլոր դեպքերում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքի մասին, ավելի կոնկրետ՝ մահվան առաջին ախտանիշերի, այլ ոչ թե վնասվածքի, որը տվյալ դեպքում բերել է մահվան:
Այս կապակցությամբ.
1. Միջնորդում ենք, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 245, 251-րդ հոդվածներով, նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն ` ներգրավելով հանրապետության բոլոր հիվանդանոցների նեյրովիրաբուժական բաժանմունքների պետերին:
9. Ակնհայտ է, որ այս վիճակով գործը դատարան ուղարկելու՝ նախաքննության մարմնի միակ նպատակը մի կողմից՝ ոճրագործներին չհայտնաբերելը և արդարադատության չհանձնելն է, մյուս կողմից՝ արդեն իսկ մեղադրվող անձանց դատարանում արդարացման և անպարտ ճանաչելու համար անհրաժեշտ մեղադրանքներով ապահովելը:
Իրականում նախաքննության մարմնի կողմից մեզ տրամադրված ժամկետի անողջամտության պատճառով մենք զրկված ենք ավելի մանրամասն միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից, ինչպիսին իրականում ունենք, սակայն հինգ օրվա ընթացքում երեք հատոր գործի ուսումնասիրման արդյունքում կարողացել ենք ներկայացնել սույն միջնորդությամբ հայտնվածը:
Խնդրում ենք վերը նշված բոլոր միջնորդությունները բավարարել և ապահովել դրանց կատարումը, վերսկսել սույն քրեական գործի նախաքննությունը և կատարել վերը նշված միջնորդությունների բավարարմանն ուղղված բոլոր քննչական գործողոթյունները, բացահայտել հանցագործության ամբողջական պատկերը, ապահովել նախաքննության բազմակողմանիությունը, Վահե Ավետյանին մահացու հարված հասցնելը վերաորակել որպես սպանություն, հայտնաբերել այդ սպանությունը կատարած անձանց և նրանց առաջադրել նրանց արաքին համարժեք մեղադրանքներ:


Ներկայացուցիչներ՝

Տիգրան Եգորյան
Լուսինե Հակոբյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել