Հայ ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի դատավարությունը որպես այդպիսին դատավարություն չէ, այլ ուղղակի թատերական ներկայացում: Նման կարծիք հայտնեց փաստաբան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը. «Ինչպես կարող են 72 գլուխ քրեական գործը քննել ընդամենը 10 ժամում»,- հարց բարձրացրեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ Ավետիսյանների սպանության գործը դեռ նախաքննության փուլում է գտնվում, թե երբ կավարտվի՝ պարզ չէ. «Շատ մեծ գործ է, պետք է ամեն ինչ հստակ և մանրակրկիտ քննվի, որպեսզի վերջնական արդյունքը պարզ լինի: Գործը ամենայն հավանականությամբ կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ դեպքի վայրը Շիրակի մարզն է: Այլ հարց է այն, որ անձը չի գտնվում Հայաստանի իրավապահ մարմինների հսկողության տակ, դրա հետ կապված վերջնական որոշում դեռևս չկա»:
Թե քանի տարի կդատապարտեն Պերմյակովին՝ Միհրան Պողոսյանը առաջնային չհամարեց՝ շեշտելով. «Կարևորը, որ գործի քննությունը ճիշտ ընթացքով գնա, բոլոր մանրամասննություններն ի հայտ գան ու գործը բացահայտվի, իսկ թե քանի տարով կդատապարտեն, սա արդեն հարցի ամենաանկարևոր մասն է՝ ըստ իս»:
Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք էին առաջադրել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմերը: Հայկական կողմը նրան մեղադրում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Ռուսական կողմը Ավետիսյանների սպանության գործը, փոխանցել է հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման՝ զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար:
Ռոզա Վարդանյան
Իրավաբան.net