«Ցմահ դատապարտյալները պետք է ինտեգրվեն ընդհանուր հասարակարգի մեջ». Ռոբերտ Ռևազյան

Իրավական ոլորտում ի՞նչ բացեր են առկա ցմահ դատապարտյալների համար. գործի նոր վարույթի հարուցումից մինչև քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներ: Այս և այլ հարցերի շուրջ Իրավաբան.net-ը զրուցել է «Հելսինկյան կոմիտե»-ի փաստաբան՝ Ռոբերտ Ռևազյանի հետ:

Ցմահ դատապարտյալները մշտապես բարձրաձայնում են այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են սննդի, զբաղվածության, բժշկական, կենցաղային, արտաքին աշխարհի հետ կապի, տեսակցության  և առաջացող հոգեբանական խնդիրները: Արդյո՞ք այս խնդիրները լուծում ստացել են, և հիմա ինչ իրավիճակում են գտնվում:

-Սննդի հետ կապված խնդիրը թե՛ ցմահների, թե՛ մյուս դատապարտյալների դեպքում ես չէի տարբերակի, որովհետև իրականում սննդի վերաբերյալ բողոքներ շատ են: Բայց վերջին մեկ տարում քրեակատարողական հիմնարկները փորձում են քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը փոխվի: Քրեակատարողական հիմնարկներում բժիշկների պակաս ևս կա, քանի որ պայմանները ծանր են և խրախուսող ոչ մի միջոց  չկա, որ բժիշկները ցանկություն ունենան այնտեղ աշխատելու: Հոգեբանի հաստիքներ կան, օրինակ՝  Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում մեկ հոգեբան կա՝ մոտ  1000 մարդու համար: Հոգեբանի ծառայությունը կարծես թե  ձևական բնույթ է կրում: Մենք ցմահ դատապարտյալների  հետ վերականգնողական աշխատանքներ տանելու խնդիր ունենք:

Մեր երկրում ցմահ բանտարկության դատապարտվում են 18 տարկանից սկսած: Արդյո՞ք սա նորմերի խախտում չէ:   

-Միանշանակ չենք կարող  ասել, թե սա նորմերի խախտում է, քանի որ չկա չափանիշ, ըստ որի 18 տարեկան անձը չպետք է դատապարտվի ցմահ ազատազրկման: Եթե նայենք աշխարհի փորձը, ապա` շատ երկրներ կան, որտեղ ցմահ ազատազրկման դատապարտվում են 18 տարեկանից, սակայն կա նաև հակառակը: Եթե  անձը 18-21 տարեկանում կամ  որոշակի  տարիքում է կատարել հանցագործությունը, կարող են իրականացնել հոգեբանական փորձաքննություն` հասկանալու անձի հասունության իրավիճակը: Մեզ մոտ սա բացակայում է:  Արդյո՞ք հասարակությունը մեղավոր չէ այն բանի համար, որ  18-19 տարեկանում այնպիսի անձ է ձևավորվել, ով կատարում է ծանր հանցանք: Ուստի՝ խնդրին լուծում տալու համար, ոչ թե պետք է պատժողական քաղաքականության վարել, այլ՝ շեշտը դնել կանխարգելման վրա: Առավելագույն պատիժ նշանակելը կամ ծանր պատժատեսակ սահմանելը բնավ կանխարգելիչ դեր չի կատարում, ավելի մեծ կանխարգելիչ դեր է կատարում հանցագործության օբյեկտիվ և պատժի անխուսափելիությունը:

Այլ երկրներում դատապարտյալները կարող են պահանջել որպեսզի վերանայվի իրենց գործի վերաբերյալ իրեղեն ապացույցները, որի արդյունքում կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանում գործի նոր վարույթի հարուցման օրինակներ չկան:   

– Մինչև  հիմա  իրեղեն ապացույցները որպես կանոն չեն պահպանվել՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մեջ այդ դրույթը կարծես թե մտել է, բայց վերանայման հարցերը մեզ մոտ շատ բարդ խնդիրների առաջ են կանգնած: Վերանայման հիմքերից մեկը` նոր երևան եկած հանգամանքն է: Մենք մի քանի փորձ ունեցել ենք, որ երևան եկած հանգամանքով փորձել են գործի նոր վարույթ հարուցել: Մյուս խնդիրը՝ 20 տարի անց վաղաժամկետ ազատման իրավունքի կայացման հետ կապված խնդիրն է՝ սակայն մեր մոտ այդ համակարգը չի գործում: Մուտ տասնյակից ավելի անձինք հատել են այդ շեմը, սակայն չունենք մի օրինակ, երբ անձը վաղաժամկետ ազատ է արձակվել: Կարելի է սրանով փաստել, որ մեզ մոտ այդ համակարգը չի գործում:

Շատ դեպքերում դատարանը մերժում է հայցը՝ պատճառաբանելով, որ դատապարտյալը տուժողին պատճառած վնասը չի հատուցել:

-Վնասի հատուցման խնդիրը պատճառաբանումներից մեկն է, բայց ոչ հիմնական: Երկարատև ազատազրկված անձիք արդեն շատ դեպքերում կորցնում են և՛ հարազատների, և՛ բարեկամներ հետ կապը, այսինքն` որևէ մեկը չի լինում, ով պատրաստ է հատուցել այդ վնասը: Սակայն կա հարցի մյուս կողմը, արդյո՞ք արդարացված է նման ծանր հանցագործության պատժի դեպքում հատուցման ինստիտուտի հիմքով՝  չհատուցելու պատճառով մերժել վաղաժամկետ ազատելը:

Հայաստանում չեն գործում նաև պատժի կրման տարբերակված մոտեցումներ՝ ելնելով դատապարտյալի անձից, արարքը կատարելու պահին նրա տարիքից, նախկինում դատվածություն ունենալչունենալուց և այլն: Ի՞նչ է պետք այս բացթողումը լրացնելու համար

– Որոշակի տարբերակումներ, այնուամենայնիվ, կան` դիտավորությամբ կատարած, առաջին անգամ կատարած, բայց եթե խոսում ենք ցմահ ազատազրկման մասին, ապա այս տարբերակումներն արդեն չեն գործում: Բացի այդ, մենք խնդիր ունենք ռեժիմների փոփոխության հետ կապված` 20 տարի հետո դատապարտյալը վաղաժամկետ ազատազրկման իրավունք ունի, բայց միևնույն ժամանակ 20 տարի հետո ռեժիմի փոփոխության իրավունք ևս կա: Կարելի է ռեժիմի փոփոխության տարիները ավելի նվազեցնել օրինակ` 10 կամ 15 տարի հետո` այսինքն՝ եթե փակ ռեժիմում է գտնվում, հնարավորության դեպքում, անցնի կիսափակի, հետո կիսաբացի՝ այն հաշվարկով, որ 20 տարի հետո հնարավորություն կտրվի կա՛մ ազատվել, կա՛մ բաց ռեժիմի տեղափոխել:

ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն ցմահ դատապարտյալներին պետք է անջատ պահել որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից: Այսպիսի տարանջատումը ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Հիմնավորվում է նրանով, որ եթե ցմահ դատապարտյալներին մյուս դատապարտյալների հետ պահեն՝  հնարավոր է հանցագործության թվի ավելացում տեղի ունենա: Այսինքն` նրանք, հայտնվելով այլ միջավայրում, այլևս կորցնելու բան չունենալով`  միգուցե այլ դատապարտյալների հանդեպ ավելի կոպիտ լինեն և բռնություն կիրառեն: Իմ տեսակետն է, որ իրենք  չպետք է պահվեն առանձին, մեկուսացած, նրանք պետք է ինտեգրվեն ընդհանուր հասարակարգի մեջ: Դա կնպաստի դատապարտյալի ուղղման գործընթացին:

Նույն օրենսգիրքը նաև սահմանում է, որ բոլոր դատապարտյալների համար տարվա մեջ 1 երկար և 3 կարճ տեսակցություններ է դրամադրվում հարազատների հետ: Արդյոք չպե՞տք է ցմահ դատապարտյալների համար տեսակցությունների քանակը տարբերվի:  

– Ինչքան շատ լինեն այդ տեսակցություններն, ավելի լավ կլինի և՛ մարդասիրական տեսանկյունից, և՛ ուղղման գործառույթը ապահովելու համար: Բայց ցավոք, պետք է ասեմ, որ շատ դեպքերում ցմահ դատապարտյալները կարիք էլ չեն ունենում օգտվելու այդ տեսակցություններից, որովհետև նրանց արդեն այցելող էլ չի լինում` 15-20 տարի բանտում անցկացնելուց հետո շատերը կապը հարազատների հետ կորցնում են:

Ազնիվ Սիրադեղյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել