Տրանսպորտի և կապի նախարարությունը խախտել է քաղաքացիների իրավունքը

Տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ի աշխատակիցներ Սարիբեկ Մկրտչյանի և Անանիա Մարգարյանը դիմել են Օմբուդսմենին՝ նշելով‚ որ իրենց պակաս վճարված աշխատավարձի և հավելավճարների գումարների վճարման կապակցությամբ դեռևս ապրիլին դիմել էին Նախարարություն‚ սակայն մինչ օրս այնտեղից որևէ պատասխան չեն ստացել:

Նախարարությունից Օմբուդսմենին տեղեկացրել են‚ որ դիմումատուների խնդիրները քաղաքացիաիրավական բնույթ ունեն և չեն առնչվում Նախարարության գործառույթներին: Տեղեկացրել են նաև‚ որ «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունից քաղաքացիներին պարզաբանումներ են տրամադրվել‚ սակայն միայն հունիս ամսին:

Արդյունքում. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում անձի դիմումը‚ բողոքը: Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է‚ որից բխում է‚ որ ներկայացված դիմումին անհրաժեշտ է պատասխանել 30-օրյա ժամկետում: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի` վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից: Իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

Այսպիսով‚ Ս. Մկրտչյանին և Ա. Մարգարյանին իրենց դիմումի կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարությունից օրենքով սահմանված ժամկետում չի տրվել պատշաճ պատասխան‚ մասնավորապես՝ քաղաքացիների 2015 թվականի ապրիլ ամսվա դիմումին պատասխանվել է նույն թվականի հունիս ամսին‚ այն էլ ոչ թե դիմումը հասցեագրված մարմին կողմից‚ այլ «Հատուկ կապ» ՓԲԸ-ի կողմից: Արդյունքում խախտվել է վերջիններիս՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները‚ ինչի կապակցությամբ էլ Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:

Օմբուդսմենը Նախարարությանն առաջարկում է ապահովել քաղաքացիների դիմումի պատշաճ ընթացքը և ձեռնարկել արդյունավետ ու բավարար միջոցներ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել