ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գավառ քաղաքում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները, մասնակից անձանց շրջանակը։
ՀՀ քննչական կոմիտեից հաղորդում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացիներ Ս.Ղարաբաղցյանը եղբոր՝ Է.Ղարաբաղցյանի և Գավառ քաղաքի բնակիչ Գ.Զոլյանի հետ Գավառում գործող խանութներից մեկի մուտքի մոտ տեղադրված տերմինալից կատարել են լիցքավորում։
Այդ ընթացքում խանութ է մուտք գործել նույն քաղաքի բնակիչ Է.Կարապետյանը, ով ինչպես խանութ մտնելիս, այնպես էլ դուրս գալիս ուսով հարվածել է Գ.Զոլյանին՝ ասելով «մի կողմ գնա, արա՛»։ Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Է.Կարապետյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է նախ՝ Գ. Զոլյանի աջ ազդրին, ապա՝ Ս.Ղարաբաղցյանի նստատեղի ձախ հատվածին՝ երկու դեպքում էլ պատճառելով թեթև մարմնական վնաս։ Վիճաբանությանը միջամտել են նաև այլ անձինք, ովքեր քաշքշել են Ղարաբաղցյան եղբայրներին և Գ.Զոլյանին։
Քիչ անց դեպքի վայր են ժամանել նաև Ս.Ղարաբաղցյանի հայրը՝ Գարսևան Ղարաբաղցյանը և հարազատները։ Քննությամբ պարզվել է, որ Է.Կարապետյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, դանակով մեկ անգամ հարվածել է նաև Գ.Ղարաբաղցյանի ձախ նստատեղին, որից հետո իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին:
Մարմնական վնասվածքներ են պատճառվել նաև Գ.Ղարաբաղցյանի քրոջ դստերը՝ Թ.Միքայելյանին, և Ա.Մաթոսյանին։ Ս. և Գ.Ղարաբաղցյանները, Գ.Զոլյանը, Թ.Միքայելյանը և Ա.Մաթոսյանը դիմել են Գավառի բժշկական կենտրոն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Է.Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է սև ծալովի դանակը և «Մակարով» տեսակի օդաճնշիչ ատրճանակը:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: