Ծնունդների թվի առավել կրճատում է կանխատեսվում. կառավարության նախագծով փորձ է արվում շտկել իրավիճակը

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն մտել է ԱԺ: Օրենսդիրի կայքից տեղեկանում ենք, որ այս փաթեթի մասին եզրակացություն են տվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական և տնտեսագիտական վարչությունները:

Նախագծում կարդում ենք, որ ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման, և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման:

Այսպիսով, սեռերի ծնունդների հարաբերակցության վերը ներկայացված պատկերի պահպանումը լուրջ ժողովրդակագրական խնդրի է վերածվել: Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով հղիության արհեստական ընդհատման հետ կապված այլ կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը, նախագծով առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը ամբողջովին վերանայել` հստակ ամրագրելով սեռով պայմանավորված աբորտ կատարելու արգելքը, որի խախտման դեպքում արարքը կդիտարկվի որպես ապօրինի կատարված և կհանգեցի օրենքով նախատեսված պատասխանատվությանը:

Բացի այդ, գործող օրենսդրության մեջ առկա են խնդիրներ, որոնց կարգավորումն անհրաժեշտ է հղիության արհեստական ընդհատման գործընթացում առկա արձանագրված բացերը վերացնելու համար:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությանը: Փաթեթին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել